Search
Close this search box.

Հորդորում և խնդրում եմ, մի բան գրելուց առաջ գոնե մի քիչ մտածեք. Արցախի ՊԲ խոսնակ

Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արենի գյուղին մերձակա շփման գծում տեղ գտած վերջին զարգացումները և դրանց շուրջ որոշ հայ օգտատերերի կողմից սոցցանցերում շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները, իմ խորին համոզմամբ կրելով ուռճացված և առավելապես զգացմունքային բնույթ, ինչպես նկատում եք, բավականին «լավ» է օգտագործվում ադրբեջանական (ինչու չէ՝ նաև թուրքական) ագիտպրոպի կողմից, կատարված տեղային նշանակության վերադիրքավորումը ներկայացնելով ոչ այլ կերպ, քան «հերթական հաղթանակ»: Այնինչ նման վերադասավորումներ անցած տարիների ընթացքում հակամարտ կողմերի շփման գծում արձանագրվել են բազմիցս, իսկ առավել հաճախ հայկական կողմի նախաձեռնությամբ և ավելի նշանակալի մարտավարական արդյունավետությամբ: Օրինակներ շատ կարելի է բերել, բայց ոչ հիմա և ոչ հանրային իրազեկման այս ձևաչափով: Ցավալի է նաև հանգամանքը, որ հիմա էլ ակտիվ քննարկման նյութ է դարձել ադրբեջանցի բնակիչների կողմից իբր իրենց ազատագրված գյուղ կատարած այցելության շուրջ սուլթանական ագիտպրոպի հրապարակումը, որն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանում կարծես թե էլի հասնում է իր նպատակին… Հորդորում և խնդրում եմ, մի բան գրելուց առաջ գոնե մի քիչ մտածեք, հակառակ դեպքում կարող ենք ունենալ այն արդյունքը, ինչին միտված է Բաքվի քարոզչությունը: