Search
Close this search box.

Եղվարդ համայնքի քաղաքաշինական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ

ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի մի խումբ բնակիչներ դիմել են ՀՀ գլխավոր  դատախազություն՝ նույն համայնքում կառուցվող գործարանի կառուցապատման օրինականությունը ստուգելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու խնդրանքով:

Պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է «Ա…» ընկերությանը քաղաքաշինական փաստաթղթեր տրամադրելու օրինականությունը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի ղեկավարի կողմից կայացվել է որոշում «Ա…» ընկերությանը ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու մասին, որի 1-ին կետում արձանագրվել է «Բավարարել «Ա…» ընկերության տնօրենի դիմումը՝ ընկերությանը պատկանող հողատարածքում արտադրական և օժանդակ շինությունների կառուցման վերաբերյալ», իսկ տրված նախագծման թույլտվությամբ (ճարտարապետակատակագծային առաջադրանք) որպես օբյեկտ արձանագրվել է «կառուցվող արտադրական և օժանդակ շինություններ, 3-րդ կատեգորիա»:

Եղվարդ համայնքի ղեկավարի կողմից տրվել է նաև շինարարական թույլտվություն՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 000 հողամասում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար՝ նշելով որպես «արտադրական և օժանդակ շինությունների 3-րդ կատեգորիա»:

Միաժամանակ, ուսումնասիրությունների ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարությունից ևս ստացվել են նշված տարածքի հետ կապված վերը թվարկված քաղաքաշինական փաստաթղթերի պատճենները, որոնց բովանդակությունը ակնհայտ հակասել է Եղվարդ համայնքի ղեկավարի կողմից տրամադրված պաշտոնեական փաստաթղթերի բովանդակությանը: Մասնավորապես, ըստ բնապահպանության նախարարությունից ստացված Եղվարդ համայնքի ղեկավարի որոշման պատճենի՝ որոշման 1-ին կետում արձանագրվել է «Բավարարել «Ա.» ընկերության տնօրենի դիմումը ընկերությանը պատկանող հողատարածքում գրասենյակի, բիտումի, քսայուղերի գործարանի և օժանդակ շինությունների կառուցման վերաբերյալ» գրառումը, իսկ նախագծման թույլտվության մեջ որպես օբյեկտ նշվել է «4-րդ կատեգորիա» գրառումը: Շինարարական թույլտվության մեջ ևս նշվել է «4-րդ
կատեգորիա, վարչական, արտադրական և օժանդակ շինություններ» գրառումը:

Այսպիսով, Եղվարդ համայնքի պաշտոնատար անձինք «Ա.» ընկերության կողմից կառուցապատման նպատակով թույլտվություն տալուն խոչընդոտ հանդիսացող նորմատիվ իրավական ակտերով սահմանված համալիր փորձաքննության, գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կատարման անհրաժեշտությունը քողարկելու նպատակով համայնքի վարչական մարմնում պահվող քաղաքաշինական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: