Search
Close this search box.

«Սասնա ծռերի» գործով 11 ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդության  որոշումը դատարանը կհրապարակի այսօր

«Սասնա ծռերի» 11 անդամի գործով Շենգավիթի նստավայրում ընթացքող դատական նիստում այս պահին քննվում են ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունները: Փաստաբանները հիմնավորումներ են բերում, թե ինչու պետք է իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանքը փոխվի:

Նրանց խոսքով՝ «Սասնա ծռեր»-ին մինչ օրս կալանքի տակ են պահել բացառապես քաղաքական նպատակներով, իսկ այսօր երկրում իրավիճակ է փոխվել, հետևաբար պետք է որոշում կայացնելիս՝ հաշվի նստել այդ հանգամանքի հետ:

Այս պահին փաստաբանները շարունակում են ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հիմնավորումներ ներկայացնել:

Նշենք, որ «Սասնա ծռերի» 11 ամբաստանյալների՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով նիստը նախագահում է դատավոր Արշակ Վարդանյանը:

«Սասնա ծռերի» գործով 11 ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդության  որոշումը դատարանը կհրապարակի այսօր՝ մայիսի 11-ին, ժամը 17:45-ին: Այս մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց գործով նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը եւ հեռացավ խորհրդակցական սենյակ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ դատարանը փոխեց նաև «Ոտքի Հայաստան» շարժման անդամ «Սասնա ծռեր»-ի գործով մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը՝ ստորագրությամբ երկրից չհեռանալու պայմանով: