Search
Close this search box.

Հեռանալով պետական ծառայությունից՝ չեմ հեռանում քաղաքականությունից.ևս մեկ հրաժարական

Հարգելի հայրենակիցներ՝ գործընկերներ, թիմակիցներ ու ընկերներ. ես որոշում եմ կայացրել հրաժարվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնից:
Շուրջ յոթնամյա գործունեությունս ամփոփում եմ վստահությամբ ու հանգիստ խղճով, քանի որ իմ կենսագրության մեջ ավելացող այս մի տողը ևս կվկայի, որ աշխատել ու գործել եմ ուժերիս ներածին չափով և կարողացել եմ ինձ վստահված այս մի ոլորտում ևս հաջողություններ արձանագրել: Գործել եմ բաց, հրապարակային, նվիրումով ու հավատով, որ յուրաքանչյուրիս բարեխիղճ աշխատանքով է կառուցվում երկրի այս ու վաղվա օրը: Գործել եմ առանց բարձրագոչ հայտարարությունների ու աղմուկի, պատասխանատվությամբ ու սիրով:
Շնորհակալ եմ ՊԳԿՎ աշխատակազմին, իմ գործընկերներին ու թիմակիցներին՝ մեր արդյունավետ համագործակցության համար. միասին կարողացել ենք շատ խնդիրներ լուծել ու աշխատող ծրագրերով առաջ գնալ: Այդ ամենի մասին պարբերաբար հրապարակային խոսել եմ, սակայն այսօր միայն մեկը հիշատակեմ. նպատակ դրեցի և կարողացա գործընկերներիս հետ հիմնովին ու համակարգված լուծել հանրակացարաններում ապրող մեր հազարավոր հայրենակիցների սեփականության խնդիրը:
Հեռանալով պետական ծառայությունից՝ չեմ հեռանում քաղաքականությունից, հատկապես, որ մոտ մեկ տարի առաջ իմ թիմակիցների ու համակիրների հետ համոզիչ հաղթանակ արձանագրեցինք խորհրդարանական ընտրություններում: Այսօր առավել ևս իմ ընտրողներին հուսախաբ անելու իրավունք չունեմ և կշարունակեմ լինել իրենց կողքին: Միասին կշարունակենք մեր ճանապարհը՝ հանուն մեր պետության ու հասարակության առաջընթացի:
Ինձ համար կարևոր է նաև լրատվամիջոցների հետ անցած ու անցնելիք ուղին. մեր առողջ համագործակցությունը պրոֆեսիոնալների հետ հնարավորություն է տվել հանրությանը հասցնել կատարված աշխատանքը, քննադատությամբ շտկել բացթողումները:
Եվս մեկ անգամ ասեմ՝ շնորհակալ եմ ձեր վստահության, համագործակցության և աջակցության համար: