Search
Close this search box.

Թող Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ ընտանիքի և հայրենիքի հանդեպ ձեր սիրով հասակ առնեն մեր ժողովրդի զավակները. Գարեգին Բ

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն ենք հղում մեր մայրերին, քույրերին և մայրության բերկրանքին սպասող կանանց:

Զատկական սրբարար և շնորհանորոգ այս օրերին տոնախմբում ենք Սուրբ Ավետման պանծալի հիշատակը՝ մեր Սուրբ Եկեղեցիների խորաններից խնդրելով Աստվածածին Սուրբ Կույսի բարեխոսությունը մեր ողջ ժողովրդի և մասնավորապես մայրության ուրախությանը սպասող կանանց համար: Երկու հազար տարի առաջ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Մայրը Տիրոջ հրեշտակից խոնարհաբար ընդունեց մարդկության Փրկչին ծնունդ տալու աստվածային պատգամը՝ ասելով. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը»: Սուրբ Կույսի աստվածասիրության, Տիրոջ հանդեպ աներեր հավատքի բարի օրինակն ունենալով՝ պատմության ընթացքին մեր մայրերն ու քույրերը չեն ընկրկել դժվարությունների առաջ և Աստվածամոր պես ընդունել են Տիրոջ աղախինը լինելու մեծ օրհնությունը:

Մեր մայրերն իրենց քաջարի զավակներին մշտապես սնել ու կրթել են իրենց սիրո մեջ շաղախած հավատքով, հայրենասիրությամբ, արիությամբ և անձնազոհությամբ:

Սիրելի մայրեր և քույրեր, Ավետման տոնի բարի լուրը մեր սրտերում՝ աղոթք ենք վերառաքում առ բարին Աստված, որպեսզի Երկնավորը իր օրհնության ներքո պահպանի ձեզ և ձեր զավակներին քաջառողջ ու երջանիկ: Մեր մաղթանքն է, որ Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ առ մեր Տերը հավատի և նվիրվածության, ընտանիքի և հայրենիքի հանդեպ ձեր սիրո ջերմությամբ հասակ առնեն մեր ժողովրդի զավակները:

Թող Տերը առատացնի ձեր շնորհները և օրհնի ու պահապան լինի ձեզ ձեր կյանքի բոլոր օրերում:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհներն ու սերը թող լինեն ամենքիդ հետ. ամեն»,–ասված է Վեհափառի շնորհավորական ուղերձում:

Այս Բաժնից