Search
Close this search box.

Այս երկրից փախնելն է ճիշտ․ մարզպետի սպանված խորհրդականի եղբայրը դիմել է Սերժ Սարգսյանին

Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի եղբայրը բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին՝ իր ուշադրության կենտրոնում պահել եղբոր սպանության գործը։ Նա Սերժ Սարգսյանին է ուղարկել եղբոր ձայնագրություններից մի քանիսը, որոնք կատարվել են մարզպետարանում աշխատակիցենրի, խորհրդականների հետ խոսակցությունների ժամանակ, որպեսզի ցույց տա, թե որքան պետականամետ մտածողություն է ունեցել իր եղբայրը՝ Մանուկ Սիմոնյանը, որի սպանության գործը, ըստ եղբոր՝ Արամ Սիմոնյանի, գնում է դեպի փակուղի, սպանության հիմնական մեղավորը՝ Մանուկ Սիմոնյանի որդին՝ Նորիկը ազատության մեջ է, իսկ սպանության մեջ մեղադրվող և կալանքի տակ գտնվող նրա կնոջ՝ Ռուզաննա Մկրտչյանի մասով երկրորդ դատաժշկական փորձաքննությունն է նշանակվել, որպեսզի «աֆեկտ դրվի» և նրան էլ ազատ արձակեն պատժի կրումից։

«Նրանք մարդիկ են ճարել, ծանոթ բժիշկներ և ուզում են ամեն կերպ «աֆեկտ դնեն», հիմնավորեն, որ Ռուզանը աֆեկտի տակ է գտնվել արարքը կատարելիս, որ նրա կաշին էլ փրկեն։ Նորիկը ազատության մեջ է, Ռուզանն էլ պետք է դուրս գա։ Դա է իրենց պլանը։ Մինչդեռ, դատաբժշկական փորձաքննությունը կատարվել է, մի շարք հեղինակավոր բժիշկներ տվել են իրենց հեղինակավոր կարծիքը, որ Ռուզաննան սպանությունը կատարելիս մեղսունակ վիճակում է եղել, աֆեկտ չի եղել։ Հիմա էլ ինչ են ուզում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արամ Սիմոնյանը։

Նրա խոսքերով՝ գործն ամբողջությամբ «սարքված է», բոլորը վկաներն էլ իրենց կողմից են՝ Ռուզաննայի հորաքույրը, մորաքույրը, եղբայրը, որը Հայաստանում չի ապրում, տարին մեկ անգամ է գալիս, եղբոր որդին, հոր նախկին սիրուհին և իրենց շրջապատից այլ անձինք։ «Ոչ նախաքննություն է նորմալ իրականացվել, ոչ էլ դատաքննությունից հույս կա։ Անգամ նախագահի վերահսկողական ծառայություն ուղարկված իմ նամակներին չեն պատասխանում, կամ ուղարկում են իմ բարձրացրած հարցերի հետ առնչություն չունեցող պատասխան։ ՊՆ-ից էլ առ այսօր արձագանք չեմ ստացել»,- ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Արամ Սիմոնյանը ՊՆ-ին նամակով դիմել էր՝ պարզելու, թե ինչպես է եղբոր որդուն հաջողվել խուսափել զինվորական ծառայությունից, և նկատել, որ եթե ժամանակին Նորիկին բանակ զորակոչեին, նա հայրասպան չէր դառնա։

Ռուզաննա Մկրտչյանի փաստաբան Նաիրա Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նշանակված երկրորդ դատաբժշկական փորձաքննությունը դեռևս չի ավարտվել, արդյունքներ չկան։ Փորձաքննության պատասխանները լինելուց հետո նոր դատական նիստ կնշանակվի։

Արամ Սիմոնյանը նման պայմաններում Հայաստանից հեռանալն է ելք համարում։ «Երբ Հայաստանում արդարադատություն բացարձակ չկա, արտագաղթը երբեք չի դադարի։ Էս երկրից փախնելն է ճիշտ։ Էս երկրում երբեք ոչ մի բան չի փոխվի»,- եզրափակեց սպանված Մանուկ Սիմոնյանի եղբայրը։