Search
Close this search box.

«Հայ մասնագետների խորհրդի» բաց նամակը Սերժ Սարգսյանին

Հարգելի պարոն Սարգսյան,

 Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականությունը չի համապատասխանում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին.  Հայաստանը պատերազմի մեջ ներքաշված երկիր է, և առանց ազգային ու պետական կարողությունների ամբողջական լիարժեք գործարկման` ռազմական, ծանր և թեթև արդյունաբերության, ինքնաբավ գյուղատնտեսության, գոյատևել չի կարող: Գաղտնիք չէ, որ Հայաստանում առկա են վերականգնման հնարավորություն ունեցող արդյունաբերական ձեռնարկություններ, որոնց գործարկումը անհրաժեշտ է, իրատեսական է և, սրտացավ մոտեցում ցուցաբերելու դեպքում, հնարավոր է: Զարգացած արդյունաբերություն ունեցող տնտեսություն կայացնելը համալիր գործընթաց է, որի խթանիչ կատալիզատորներից է քիմիական արտադրությունը: Այս առումով առաջնահերթ ենք համարում «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը. «Նաիրիտի» վերագործարկման խնդիրը չարչրկվում է արդեն երկու տասնամյակից ավելի: Տեղյակ ենք, որ եղել են և կան պատրաստակամություն հայտնած ներդրող ընկերություններ, որոնք վերագործարկման հայտ են ներկայացրել ՀՀ կառավարություն, մասնավորապես` EU-Asia Business Finance Center Holding-ի կազմում ստեղծված Nairit-EU Gonsortium-ի ներկայացուցիչները` Sunir Co (Իրան), ChimRemonStroy L.T.D. Planets (Բուլղարիա), IPMLLP(Անգլիա), սակայն նրանց գործընթաց սկսելու հնարավորություն չի ընձեռվել:

Մեզ պետք է պարզաբանում. ինչ հիմնավորումով է մրցույթն անտեսվել և սնանկացման գործընթաց սկսվել: Մեր կարծիքով «Նաիրիտը» հեռանկարային, շահավետ  ձեռնարկության է, իսկ նրա արտադրանքն ու աշխատատեղերը Հայաստանին խիստ անհրաժեշտ են:

Այժմ շրջանառվում է «Նաիրիտի»  քացախաթթվի արտադրության տեխնոլոգիական գծի վաճառքի մասին հայտարարությունը: Մենք դա համարում ենք սխալ` չհիմնավորված, հապճեպ որոշում. Գիտաարտադրական միավորման լիարժեք գործարկման պարագայում այդ արտադրությունն անհրաժեշտ ու շահավետ է լինելու:

Առաջարկում և պահանջում ենք կասեցնել «Նաիրիտ»-ի սնանկության՝ գույքի օտարման գործընթացը, հնարավորություն ընձեռել շահագրգիռ ներդրողներին, իրենց միջոցների հաշվին, իրականացնելու ձեռնարկության տեխնիկական աուդիտ` ձեռնարկության առողջացման ծրագիր ներկայացնելու և այն քննարկելու համար:

Կառավարությունից ակնկալում ենք` հայոց պետության պաշտպանունակության խնդիրներով մտահոգ մասնագետների հետ քննարկումների և համագործակցային  որոշում ընդունելու հնարավորություն:

Մեր պատրաստակամությունն ենք հայտնում մասնակցելու հարցի քննարկմանը` <<Հայ մասնագետների խորհրդի>>  դիրքորոշում-պնդումը հիմնավորելու համար:

Հարգանքով՝ «Հայ մասնագետների խորհրդի» անդամներ /այբենական կարգով/

Ալեքսանյան Կառլեն-գ. թ., կիրառական մաթեմատիկա,

Ավետիսյան Ռաֆայել-գ. թ., ֆիզիկոս-տեխնոլոգ,

Արզումանյան Արտավազդ-գ . թ. Ճարտարապետաշինարարական համ.-ի ամբիոնի վարիչ,

Բեժանյան Նուրիսա-կիսահաղորդչային սարքերի ինժեներ-տեխնոլոգ,

Բեկլարյան Լևոն- գ.դ, տնտեսագիտության ինստիտուտ, Մոսկվա,

Գևորգյան Աշոտ- գ.դ., ԳԱԱ,

Գևորգյան Սամվել-գ.դ., ԵՊՀ,

Գևորգյան Սուրեն-Քարակերտի քարի մշակման գործարանի տնօրեն,

Կանայան Ստեփան-գ.թ., ՄԱԿ-ի փորձագետ,

Կնյազյան Վալերի- գ.դ., Անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն,

Լևոն Թորոս-գ. թ., ԱՄՆ, Հայ ճարտարագետների և գիտնականների միություն,

Սանասարյան Հակոբ-գ. թ., բնապահպան,

Միրզոյան Վալերի-գ.դ., կառավարման մասնագետ,

Սարգսյան Վաղինակ-գ.դ., ԳԱԱ,

Ստեփանյան Անատոլի-գ. թ., ԳԱՄ նախկին տնօրեն,

Վարդանյան Կարեն-գ. թ., ՏՏ ոլորտի մասնագետ:

Մասնագետների խորհրդի լիազոր ներկայացուցիչ`Բարսեղյան Գրիգոր-գ.դ., ԳԱԱ

Հասցե` Ներքին Շենգաոիթ, 6 փ., 1 նրբ. տ. 5,    հեռախոս`O94 488353, էլեկտրոնային հասցե` [email protected]

 Հ.Գ.

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Հայ մասնագետների խորհուրդ»-ը ընդարձակելու է իր կազմը, գործունեության ոլորտները և մասնավորապես` հետամուտ է լինելու իր ներկայացրած առաջարկությունների քննարկմանը, իրագործմանը: Մենք նաև համակարգված մասնագիտական վերլուծություններ, մշտադիտարկում ենք իրականացնելու ՀՀ կառավարության գործունեության, ներկայացրած ծրագրի և նրա կենսագործման ուղղություններով: Կարծում ենք, որ մեր գործունեությամբ կնպաստենք պաշտոնատար անձանց որակական պատրաստվածությանը ներկայացվող մասնագիտական բարձր պահանջների արմատավորմանը, որոշումների ընդունման հիմնավորվածությանը, մասնագիտական գիտելիքիների ներառականությանը և պատասխանատվության հասցեականությանը: «Հայ մասնագետների խորհուրդ»-ը գործելու է ՀՀ օրենսդրության շրջանակներում թույլատրելի, ինչպես նաև չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով:

 

                                                                                                                  4. 04. 2018թ.