Search
Close this search box.

Ախալքալաքի մանկապարտեզի խաղադաշտը փլվել է երեխաների խաղի ժամանակ

Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզի խաղադաշտը փլվել է երեխաների խաղի ժամանակ, հաղորդում է Jnews.ge-ն:

5 ամիս առաջ կառուցված խաղադաշտի բետոնե շերտը քանդվում է: Ֆուտբոլ խաղալու ժամանակ երեխաները հանկարծ հայտնվել են փոսի մեջ:«Ֆուտբոլ էինք խաղում, հանկարծ զգացինք, որ գետինը շարժվում է, սկզբից չէինք հասկանում ինչ է կատարվում, մտածում էինք երկրաշարժ է: Գնդակի հետեւից վազող տղան սայթաքեց ու ընկավ գետնին: Մենք շշմել էինք, խաղադաշտը փլվում էր: Հետո գորգը հետ տարանք ու տեսանք մեծ փոս է», – իրար հերթ չտալով պատմում են Գեւորգն ու Արտաշեսը:

Նրանք ընկերներ են, գրեթե ամեն օր դպրոցից հետո շտապում են խաղալու: 3 օր առաջ նրանցից մեկը հայտնվել է փոսի մեջ:Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզի հետեւում գտնվող խաղադաշտը 2017 թվականի նոյեմբերին է շահագործման հանձնվել, սակայն հինգ ամիս անց այն արդեն քանդվում է:

«Երեխաները հենց սկսեցին խաղալ ցանկապատի ցանցը պատռվեց, բողոքեցինք, եկան փոխեցին, ցանցի երրորդ շերտը չեն արել, աղբը չեն մաքրել, բնակիչները բողոքում են»,–ասում է բնակիչներից մեկը:«Ես ժողովի ժամանակ էլ այս հարցը բարձրացրել եմ: Խոստացել են, որ կհեռացնեն, տեսնենք: Այս փողոցի բնակիչները մտածում են, որ եկան իրենց վրա ծիծաղեցին ու գնացին: Ամենավատն այն է, որ երբ խոսում ես անպատասխանատու արված աշխատանքի մասին, ասում են՝ սրանից առաջ առհասարակ խաղադաշտ չունեիք, հիմա լավ չէ, որ գոնե սա ունեք: Այսպես են ասում, որ չբողոքենք»,– ասաց քաղաքի այս տարածքից Սակրեբուլոյի պատգամավոր Կարապետ Պալոյանը:

Երբ երեխաների ձեռքին գնդակ են տեսնում, խաղադաշտի հարեւանությամբ գտնվող տների բնակիչները զգաստանում են, քանի որ վախենում, որ գնդակը բարձր կթռնի, եւ պատուհանների ապակիները կկոտրվեն:

Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավորը մատնանշում է խաղադաշտի շինարարական թերությունները: Շեշտադրելով խաղադաշտի բետոնե սուր անկյունները:«Այսպիսի սուր անկյուններ չպետք է լինի խաղադաշտում, երեխան հանկարծ ընկավ, միանգամից կարող է մահանալ, դժբախտությունը մեկ անգամ է պատահում: Ինչքան կարող է այսպես շարունակվել: Անպատասխանատու աշխատանք է, ոչ-ոք չի ուզում նորմալ աշխատանք իրականացնել: Գնում ես պատվիրատուի մոտ, նա ուղարկում է նախագծողի մոտ, նախագծողն ուղարկում է տենդերը հաղթողի մոտ, այսպես իրար վրա են պատասխանատվությունը գցում»,–ասաց Կարապետ Պալոյանը: