Search
Close this search box.

Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարն առյուծի սի՞րտ է կերել. Անահիտ Բախշյան

Երևանի քաղաքապետի 2015թ. հունիսի 4-ի հ. 1704-Ա որոշմամբ հաստատված քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության կանոնադրության 4-րդ կետի համաձայն սույն վարչությունը պետք է վերահսկի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների կողմից ՀՀ կրթության ոլորտի  օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարման օրինականության ընթացքը:

Ստորև նկարագրում եմ քաղաքապետի վերոնշյալ կանոնադրության չգործելու ու վարչական շրջանի ղեկավարի կողմից ԿԳ նախարարի հրամանը շրջանցելու փաստ, որը վկայում է, թե ինչպիսի ամենաթողություն է տիրում մանկապարտեզների տնօրենների «ընտրությունների» ժամանակ և սա միակը չէ: Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար պարոն Ուլիխանյանը 2016թ. մայիսի 26-ին ժամկետային աշխատանքային պայմանագիր է կնքել Դիանա Մուրադյանի հետ, որից հետո 1 տարի 5 ամիս անց՝ 2017թ. հոկտեմբերի 4-ին, հիմք ընդունելով մրցութային հանձնաժողովի որոշումը, նրան նշանակել է տնօրեն՝ խախտելով «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերը հաստատելու մասին» հ. 416-Ն հրամանով հաստատված հավելվածի 2-րդ բաժնի 3-րդ կետի 1-ին ենթակետի պահանջը: Սույն խախտումը հայտնաբերվել է ԿԳՆ տեսչության կողմից, որը 2017թ. նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 7-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունում իրականացրած ուսումնասիրության մեջ կատարել է հետևյալ արձանագրությունը. «3) Հ. 120 մանկապարտեզի տնօրենի ընտությունն իրականացվել է խախտումով. մինչև մրցույթին մասնակցելու օրը հավակնորդը չի ունեցել վերջին տասը տարում երկու տարվա ստաժ»։

Այս խախտումը բացահայտվելուց հետո անմիջապես՝ դեկտեմբերի 14-ին, պարոն Ուլիխանյանը Դիանա Մուրադյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից, տնօրենի պաշտոնակատար է նշանակել ոմն Արուսյակ Վարդանյանին և այդ հրամանում ոչինչ չկա այն մասին, որ Դիանա Մուրադյանին նշանակել է ուսումնական գծով փոխտնօրեն: 2018թ. հունվարի 29-ին պաշտոնակատար Արուսյակ Վարդանյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից ու թ.120 մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատարի պարտականությունները կրկին դրել այս անգամ ուսումնական գծով տնօրենի տեղակալ Դիանա Մուրադյանի վրա:

Քանի որ պարոն Ուլիխանյանը տեղյակ չի ոլորտի օրենքներից, կարգերից ու մեղմ ասած, իրեն դրանք բոլորովին չեն հետաքրքրում, որովհետև առյուծի սիրտ է կերել ու իրեն թույլատրվում է շրջանցել ցանկացած օրենք, կարգ, ապա «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերը հաստատելու մասին» հ. 416-Ն հրամանով հաստատված հավելվածի 3-րդ բաժնի 3-րդ կետի 1-ին ենթակետի պահանջը կրկին խախտելով որոշել է Դիանա Մուրադյանին ուսումնական գծով տնօրենի տեղակալ նշանակել այն դեպքում, երբ ըստ վերոնշյալ հրամանի, նրան անհրաժեշտ էր վերջին 7 տարվա ընթացքում հատկապես նախադպրոցական կրթության ոլորտի կամ մանկավարժական աշխատանքի առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ: Եզրակացություն. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի 29.01.2018թ. N01 հրամանը ծայրից ծայր ապօրինի է ու պարոն Ուլիխանյանն այն պետք է չեղյալ հայտարարի: Ի դեպ, այս փաստի վրա հրավիրում եմ նաև Կրթության տեսչական մարմնի ղեկավարի ուշադրությունը:

Անահիտ Բախշյան, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ