Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ։
«Սիրելի՛ կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:
Օգտվելով այս գեղեցիկ առիթից՝ դիմում եմ մեր սիրելի մայրերին, քույրերին, դուստրերին, մեր բոլոր հարազատներին: Ձեր ջերմությամբ եւ գեղեցկությամբ դուք ներդաշնակ եք դարձնում աշխարհը:
Մեր երկրում չկա որեւէ ոլորտ ու բնագավառ, որտեղ չզգացվի կանանց բարենպաստ ներկայությունը եւ ակտիվ մասնակցությունը: Նրանք ուսուցիչ են, բժիշկ, ձեռներեց ու պետական գործիչ, զինվորի մայր են ու զինվորական: Մեր ողջ հասարակության անունից ձեզ երախտագիտություն եմ հայտնում եւ գլուխ խոնարհում ձեր առջեւ:
Սիրելի՛ կանայք,
Ձեր մասնագիտական նվաճումներն ու առաջընթացը, ինչպես նաեւ հասարակական ու քաղաքական ակտիվությունը բացառիկ կարեւորություն ունեն Հայաստանի զարգացման եւ ապագայի համար: Ավելի արդար ու ազատ հասարակություն, ավելի հզոր ու բարեկեցիկ երկիր ձեւավորելու գործում ձեր մասնակցությունն ունի անփոխարինելի նշանակություն:
Մաղթում եմ ձեզ երջանկություն անձնական կյանքում եւ հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ: Առողջ եւ ամուր ընտանիքը մեր ժողովրդի եւ երկրի հարստությունն է, իսկ այդ հարստության մշտարթուն պահապանը դուք եք, սիրելի՛ կանայք:
Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ կրկին շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ բոլորիդ սեր եւ բարօրություն»,- նշել է նախագահը: