Search
Close this search box.

Գավառում անհետացած դրամափոխի դին անտառում հայտնաբերելու մասին լուրերը շինծու են, նրա որոնումները շարունակվում են

Արդեն երրորդ օրն է, ինչ անհետ կորածի կարգավիճակով ոստիկանների կողմից որոնվում է Գավառ քաղաքի բնակիչ, դրամափոխությամբ զբաղվող, 1963 թվականին ծնված Հայրապետ Հերգնյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության Գավառի բաժանմունքի պետ Արայիկ Քոչարյանը, որոնումներն ընթանում են ամենատարբեր ուղղություններով, ամենատարբեր տեղերում, շուրջօրյա, բայց առայժմ հուսադրող արդյունք չկա: «Լուրեր են շրջանառվում այն մասին, որ իբր թե կորածի դին հայտնաբերել են անտառի այս կամ այն հատվածում, այս կամ այն դաշտում, սակայն այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. դրանք կամ շինծու են, մտացածին, կամ առանձին հետաքրքրասերների երեւակայության արդյունք: Իսկ իրականությունն այն է, որ մեր լայնածավալ ու չդադարող որոնումներն առայժմ ցանկալի արդյունք չեն տվել:

Դրանք շարունակելու ենք այնքան, մինչեւ որ հայտնաբերենք կորած քաղաքացուն»,-նշել է Արայիկ Քոչարյանը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ սա Գեղարքունիքի մարզում դրամափոխ քաղաքացու անհետ կորելու երկրորդ դեպքն է, որոնցից առաջինը գրանցվեց 2010 թվականի դեկտեմբերի վերջերին, Մարտունի քաղաքում, երբ անհայտ հանգամանքներում անհետացավ Մարտունի քաղաքի բնակիչ, 1962 թվականին ծնված Նվեր Զաքարյանը: