Search
Close this search box.

ՖՈՏՈ. Անհայտ անձինք հրկիզել են Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատունը, որտեղ թաղված են Թեհլերյանն ու Սարոյանը

Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում գտնվող «Արարատ» հայկական գերեզմանատունը հրկիզվել է: Այս մասին հայտնում է «Զարթոնք»-ը։
Գերեզմանատան խորհուրդը շատ մտահոգված է, որ բոլոր միջադեպերը ատելության նպատակաուղղված հանցագործություններ են:

«Ինչպես կարող եք պատկերացնել, սա ահավոր վրդովեցուցիչ է իմ տնօրենների խորհրդի, հայ համայնքի, իմ անձնակազմի և ինձ համար: Մեր առաքելությունն է կարեկցանքով ծառայել հայ ընտանիքներին իրենց կարիքի պահին՝ վառ պահելով նաև այստեղ թաղվածների հիշատակը: Խորհուրդը, իմ աշխատակազմը և ես շատ լուրջ ենք վերաբերվում այս առաքելությանը»,- ասել է գերեզմանատան տնօրեն Շերի Մենինգ-Քարթրայթը՝ չբացառելով, որ հրկիզումը կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի հետ։

Այս գերեզմանատանը հանգչում են բազմաթիվ հայ ականավոր գործիչներ, այդ թվում՝ Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը, Վիկտոր Մաղաքյանը և այլք։
Նշվում է, որ ուրբաթ գիշերը ութ ծառ է այրվել հայկական գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ։ Ֆրեզնոյի ոստիկաններն ու հրշեջները շտապ ժամանել են, սակայն ձերբակալություններ չեն եղել։

Հրդեհը գրանցվել է 1885 թվականին հիմնադրված գերեզմանատան ամենահին հատվածում։
Նախնական տվյալներով՝ ծառերի փոխարինումը 25 հազար դոլար կարժենա։ Ադմինիստրացիան վստահ չէ, որ ապահովագրությունը կփակի ծախսերը։