Search
Close this search box.

Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել․ 12 շենք կկառուցեն․ «Հետք»

 

«Հետք»-ը գրում է. Ծաղկաձորում շինարարական եռուզեռ է։ Զբոսաշրջային քաղաքի տարբեր հատվածներում վեր են խոյանում նոր շենքեր։ Կառուցապատողները, իրար հերթ չտալով, գովազդում են դեռեւս շահագործման չհանձնված շենքերի բնակարանները։ Ծաղկաձորը բոլոր ժամանակներում է իշխանության ներկայացուցիչների համար գրավիչ եղել։ Այդպես է նաեւ այսօր։

«Հետքին» հայտնի է դարձել, որ Ծաղկաձորում առաջիկայում 12 շենքից բաղկացած համալիր կկառուցի Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի եւ Վաղարշակ Հակոբյանի հետ կապվող ընկերությունը։ Կառուցապատման համար ընտրված մոտ 4 հեկտար մակերեսով հողամասը ձեռք է բերվել շուկայականից էժան գնով՝ կադաստրային արժեքով։ Ծաղկաձոր համայնքին պատկանած հողամասը «Սատուրնավան» ՍՊԸ-ն ձեռք է բերել 413 միլիոն դրամով, որը համարժեք է 1 միլիոն 66 հազար ԱՄՆ դոլարին։ Այնինչ, դրա շուկայական արժեքն ավելին է։

Ծաղկաձորի սկզբնամասում՝ Պահլավունյաց 73 հասցեում գտնվող համայնքային 3․7 հա հողամասը 2023 թ.-ի հունիսին աճուրդային կարգով գնել է «Սատուրնավան» ՍՊԸ-ն։ Հողամասը վաճառվել է կադաստրային արժեքով՝ 395 միլիոն դրամով։ Նույն տարվա նոյեմբերին ՍՊԸ-ն արդեն առանց աճուրդի՝ ուղիղ գնմամբ մոտ 18 միլիոն դրամով(17.8 մլն) համայնքից ձեռք է բերել եւս 1700 քմ հողամաս։ Հետագայում հողամասերը միավորել են, որի արդյունքում հողամասի ընդհանուր մակերեսը կազմել է 3.9 հեկտար։ Հողամասը ձեռք բերելու համար ընկերությունը համայնքային բյուջե է վճարել ընդհանուր 413 միլիոն դրամ։ Սեփականատեր դառնալուց հետո «Սատուրնավան» ՍՊԸ-ն հողամասը գրավադրել է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ում։

«Սատուրնավան» ընկերությունը հիմնադրել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորորդին՝ Արիկ Սուքիասյանը եւ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հայրը՝ Սոս Հակոբյանը (50/50 բաժնեմասով)։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։