Search
Close this search box.

Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան

Թուրքիայի հետ մեր հարաբերություններում մենք սպասման մեջ ենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Թուրքիայի հետ մեր հարաբերություններում, եթե կարելի է այդպես ասել, մենք սպասման մեջ ենք, սպասում ենք ձեռք բերված և պաշտոնապես արձանագրված պայմանավորվածությունների իրագործմանը, այն է՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացում»,-ասաց Փաշինյանը:

Նրա գնահատմամբ՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի տարածաշրջանի համար, ուստի շարունակելու են ջանքերն այս ուղղությամբ:

Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների մասին: Այս երկու ձևակերպումն ունեն ընդհանրություններ, բայց, այնուամենայնիվ, դրանք նույնը չեն»: