Search
Close this search box.

Ադրբեջանի ղեկավարն ընդգծված բացասական վերաբերմունք է ունեցել հենց Ռուբեն Վարդանյանի նկատմամբ

Հրապարակը գրում է․

«Ռուբեն Վարդանյանը զինվորական  չի եղել, սակայն  պետական պաշտոն զբաղեցնելով Արցախում, նա հրավիրել է միջազգային հանրության ուշադրությունը Արցախի խնդրին ու իրավիճակին, իր անձով պայմանավորված հարցին տվել է միջազգային  հնչեղություն: Մենք նաև տեսել ենք, որ Ադրբեջանի ղեկավարը ընդգծված բացասական  վերաբերմունք է ունեցել հենց Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, չմոռանանք որ որոշ գործողությունների համար որպես նախապայման դրվել  էր հենց Ռուբեն Վարդանյանի պաշտոնից հեռացումը»: Այս մասին Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ նշել է ՄԻԵԴ-ում ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուբեն Վարդանյանին կարելի՞ է ռազմագերի համարել: 

«Ռուբեն Վարդանյանի գործունեությունը, որը բացառապես օրինական է եղել, Ադրբեջանի կողմից ընկալվել է որպես հակաադրբեջանական, և կարծում եմ, որ իր տեսակետների և գործունեության հատկանիշով է անձը հետապնդվում, որը վերջինիս դարձնում է քաղբանտարկյալ»,-ընդգծել է Սիրանուշ Սահակյանը: 

Ինչ վերաբերում է ադրբեջանական բանտում ապօրինի պահվող հայ գերիներին վերադարձնելու  հնարավորություններին, ապա Սահակյանը կարծում է, որ քաղաքական լուրջ աջակցության պարագայում Ադրբեջանին պետք է ճնշել  պատժամիջոցների գործիքակազմով: 
«Իհարկե, այս առումով իրավապաշտպաններն իրենց գործունեությունն իրականացնում են՝ համագործակցում են Եվրոպական միության, ԱՄՆ-ի իրավասու կառույցների հետ, սակայն շատ դժվար է միջազգային կառույցներին համոզել միջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ, այն պարագայում, երբ այդ ջանքերին չի աջակցում Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն և իր քաղաքական աջակցությունը չի հայտնում այն կառույցին կամ պետությանը,  որը պատրաստ է իր այս գործիքակազմը գործադրել ի շահ հայերի: Ուստի տեսական հնարավորությունը գոյություն ունի, սակայն, կարծում եմ, դրա  կիրառման  քաղաքական նախադրյալներն են թույլ: Իրավական հիմքերը շատ հստակ են, և դրա առնչությամբ մենք աշխատանք ենք կատարում և ունենք Եվրոպական միությանը պաշտոնապես ներկայացված դիմումներ: Առաջիկայում նաև ԱՄՆ-ում ենք ֆորմալ գործընթաց նախաձեռնելու»,-նշեց Սիրանուշ  Սահակյանը: