Search
Close this search box.

Փաշինյանը խոսել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Հունական Еkathimerini պարբերականին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

«Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է հավասարակշռված դիրքորոշում ունենա տարածաշրջանի տարբեր զարգացումների վերաբերյալ: Պակաս ուշադրություն չի դարձվում Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությանը, որը կարող է և՛ խթանել, և՛ վտանգել մի շարք գործընթացներ։ Հայաստանը մյուս կողմից ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը։

Ինչպես տեղյակ եք, Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթաց, որն ուղղված է հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, միջպետական սահմանի ամբողջական բացմանը: Այս գործընթացի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռքբերվել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը: Մենք իրապես հավատում ենք, որ այս պայմանավորվածության իրականացումը նույնպես դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային դինամիկայի վրա», — ասել է Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ Հունաստանի և Թուրքիայի միջև ընթացող զարգացումներն էլ ևս մեկ անգամ փաստում են, որ հնարավոր է հաղթահարել տարաձայնությունները և հարևանների միջև ձևավորել համագործակցության փոխշահավետ օրակարգ։