Search
Close this search box.

Քննարկել ենք Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունը․ Փաշինյան

Քննարկել ենք Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները։ Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, այժմ Երեւանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի հայտարարությանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս տարվա հունվարի 26-ին Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը, որի ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ստորագրվեց ռազմավարական համագործակցության մասին համատեղ հռչակագիրը, որը հավակնոտ հեռանկար է ուրվագծում բոլոր բնագավառներն ընդգրկող մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։ Այսօր գործընկերոջս հետ առիթ ենք ունեցել քննարկել այս համատեղ հռչակագրի գործնական իրագործման ուղղությամբ հնարավոր եւ անհրաժեշտ քայլերը։ Այդ հռչակագրում էական առանցք է միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության անվերապահ ճանաչումը։ Քննարկել ենք նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,- նշեց Փաշինյանը։

Նա անդրադառնալով Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ձեռք բերելուն ասաց․ «Նախորդ տարեվերջին Վրաստանը ձեռք բերեց ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ։ Հայաստանում ոգեւորությամբ են արձագանքել այդ լուրին, տեղի ունեցածը համարելով կարեւոր իրադարձություն, որն անմիջական ազդեցություն է ունենալու ոչ միայն մեր տարածաշրջանի, այլեւ Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների վրա։ Հայաստանի Հանրապետությունը սատարել եւ սատարում է ԵՄ անդամագրվելու Վրաստանի ձգտումներին»։

Փաշինյանի խոսքով՝ Վրաստանի վարչապետի հետ քննարկմանը վերահաստատել է, որ Հայաստանը ստանձնում է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու գործի իր բաժին պատասխանատվությունը․

«Ակնկալում ենք, որ նույնպիսի մոտեցում կցուցաբերեն նաեւ մյուս դերակատարները։ Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, արդեն իսկ հայտնի ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարձրագույն մակարդակում համաձայնեցված 3 սկզբունքներ հիման վրա․ այն է՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչում, Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի իրականացում նույն հռչակագրի հիման վրա, երկրների ինքիշխանության եւ իրավազորության հարգման սկզբունքների շրջանակներում տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում, ապահովելով հավասարություն եւ փոխադարձություն։ Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պիտի դառնա մեր երկրների ռազմավարական գործընկերության ապագա թեմաներից մեկը։ Մենք տեսնում ենք, որ Վրաստանը ոչ միայն հետաքրքված է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ, այլեւ գործուն քայլերով փորձում է նպաստել այդ գործընթացին, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին»։