Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Իրակլի Կոբախիձե

Վրաստանն անվերապահորեն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում, որը կայացել է մարտի 25-ին Երեւանում։

Վրաստանի վարչապետը պաշտոնական Թբիլիսիի պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու խաղաղության եւ կայունության հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում։

Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ընդգծել հայ եւ վրացի ժողովուրդների միջեւ դարավոր եղբայրական հարաբերությունների մասին։ Շնորհակալություն հայտնելով Երեւանին Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանն աջակցելու համար՝ Կոբախիձեն հայտնել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը Թբիլիսիի անվերապահ աջակցության մասին։

Նրա խոսքով՝ երկրների միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Այսօրվա հանդիպման ընթացքում կողմերը խոսել են տարբեր ոլորտներում եւ ձեւաչափերում համագործակցության մասին՝ տրանսպորտ, տնտեսություն, տուրիզմ։ Կողմերը խոսել են նաեւ տարածաշրջանային զարգացումների մասին, ընդգծել համատեղ ջանքերի կարեւորությունը մարտահրավերներին դիմակայելու հարցում։

Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանն աջակցում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում եւ հուսով է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կստորագրվի խաղաղության պայմանագիր։ Իր կողմից՝ Վրաստանը պատրաստ է աջակցել գործընթացին եւ խաղաղության ու կայունության հաստատմանը տարածաշրջանում։

Վերջում նա Նիկոլ Փաշինյանին հրավիրել է այցելել Վրաստան։