Search
Close this search box.

ՌԴ ՆԳՆ-ն հերքում է

ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը հերքել է տեղեկությունը, թե Crocus City Hall-ի վրա հարձակված ահաբեկիչները Ռուսաստանի քաղաքացիներ են։

«Մի շարք տելեգրամյան ալիքներ և սոցիալական ցանցեր այսօր հաղորդումներ են տարածել այն մասին, որ մարտի 22-ին Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության չորս կասկածյալները, որոնք փախել են Renault Logan մեքենայով և այնուհետև ձերբակալվել Բրյանսկի մարզում, Ռուսաստանի քաղաքացիներ են։ Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նրանք բոլորը օտարերկրյա քաղաքացիներ են։

Ներկայումս Ռուսաստանի ՆԳՆ միգրացիոն ստորաբաժանումները, համագործակցելով Ռուսաստանի ԱԴԾ-ի գործընկերների հետ, ուշադիր ստուգում են հիմքերը և պարզում ձերբակալվածներից յուրաքանչյուրի գտնվելու տևողությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում, որոշում են նրանց փաստացի բնակության հասցեները, ինչպես նաև այլ կարևոր հանգամանքներ:

Կոչ ենք անում լրագրողներին և բլոգերներին զերծ մնալ չստուգված տեղեկությունների և վաղաժամ գնահատականների հրապարակումից և վստահել միայն իրավապահ մարմինների պաշտոնական հաղորդագրություններին»,- ասված է ՌԴ ՆԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ։