Search
Close this search box.

«Հրապարակ»․ Երեւանի կենտրոնում ապրողը պիտի հասկանա, որ զրկվելու է գազից եւ հոսանքից, եթե Ոսկեպարի ճամփան տա

«Ամբողջ Հայաստանի համար գազի խնդիր է առաջանալու, եթե Ոսկեպարի այդ ճանապարհը հանձնվեց»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող, էներգետիկ, աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը։  

«Բերձորի փորձը հիշենք, երբ Ադրբեջանը սկսեց վերահսկել գազամուղը, առաջին բանը, որ արեցին՝ պայթացրին այն, հետո փական դրեցին, ու բացում էին՝ ըստ իրենց ցանկության։ Բառացիորեն նույնը կատարվելու է այստեղ։ Եկեք մտածենք՝ ո՞նց անենք, որ այդ ճանապարհը չհանձնեն, որովհետեւ եթե այդ հատվածը հանձնվի, ոչ միայն գազի խնդիրն է առաջանալու, այլեւ ճանապարհի, մի շարք գյուղեր հայտնվելու են շրջափակման մեջ, շատերը ստիպված են լինելու լքել իրենց տները, որովհետեւ այդտեղ ապրել այլեւս հնարավոր չի լինի»,-ասաց նա։ 

Մանվելյանի խոսքով՝ տեսականորեն հնարավոր է նոր գազամուղ կառուցել, սակայն  հաշվի առնելով Ադրբեջանի ախորժակը, որ հետագայում ուզում  է տիրանալ նաեւ, այսպես կոչված, անկլավներին, ինչպես նաեւ այսօրվա քաղաքական ռեժիմի՝ ամեն ինչ տալու պատրաստակամությունը, ապա չի բացառվում, որ թշնամին նոր կառուցվելիք գազամուղն էլ մի օր կվերահսկի։

«Ոչ մի լավ բան չի սպասվում, կատաստրոֆիկ վիճակ է լինելու, եթե այդ ճանապարհը հանձնեց։ Նոր գազամուղ կառուցելը արագ գործ չէ, երկարատեւ պրոցես է, շատ արագ գազամուղ կառուցել հնարավոր չէ։ Հաշվի առնենք, որ այդ ընթացքում գազամուղը չպիտի աշխատի, հազարավոր խնդիրներ են ստեղծվելու, այդ ընթացքում Հայաստանը ինչպե՞ս է առանց գազ լինելու, ջերմակայաններն ինչո՞վ են աշխատելու։ Երեւանի կենտրոնում ապրողը պիտի հասկանա, որ զրկվելու է գազից եւ էլեկտրաէներգիայից, եթե Ոսկեպարի ճամփան տա։ Լուրջ ճգնաժամ է լինելու ամբողջ Հայաստանի տնտեսության համար»,-նշեց նա։ 

Կա՞ տրամաբանություն Հայաստանի վարչապետի գործողություններում, հանձնելով նոր հողեր՝ կհասնի՞ խաղաղության, կարո՞ղ են հայն ու ադրբեջանցին հաշտ ապրել, ինչպես ԽՍՀՄ տարիներին, Մանվելյանը պատասխանում է․ «Սովետական միությունը մեկ պետական համակարգ էր, որը ճնշում էր, որ ներազգային խնդիրներ չառաջանան։ Հիմա կողք-կողքի ապրելով կսկսեն սպանել, գողանալ, մարդկանց վաճառել, բազմաթիվ փաստեր կան այդպիսի դեպքերի։ Հետեւաբար մտածել իրար հետ խաղաղ ապրելու մասին՝ մտավոր տհասության հետեւանք է»։

Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն էլ է հերթական սուտը, ասում է զրուցակիցս․ «Ուսումնասիրեք միջազգային հարաբերությունների փորձը, որտեղ ասվում է, որ սա հնարավոր է այն պետական սուբյեկտների միջեւ, որոնք միմյանց նկատմամբ տարածքային նկրտումներ չունեն եւ ապրում են խաղաղության մեջ»։ 

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Բրյուսելում ընթացող Միջուկային էներգիայի գագաթնաժողովին, հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ, ի՞նչ կտա այս ֆորումին մասնակցությունը Հայաստանին, Մանվելյանը դժվարանում է պատասխանել։ Ասում է՝ իշխանությունները չեն պատկերացնում  թեմաները, որոնց մեջ մտնում են, ոչ էլ կարգին խորհրդատվություն են ստանում` մեծ հաշվով չեն էլ ուզում, մասնակցում են մի գործընթացի, որը Հայաստանին ոչ մի լավ բան չի տալու` հակառակը։  

«Այս մարդկանց անլրջությունը հանգեցրել է նրան, որ մենք ամբողջ աշխարհի առաջ ծիծաղի առարկա ենք դարձել։ Սրանք նպատակ չունեն էս երկրին խաղաղություն բերել, ու մարդկանց խաբում են՝ անընդատ խաղաղություն բառն օգտագործելով։ Հասարակության մի մեծ հատվածի աչքերը բացվել են, հասկանում են, որ էս մարդիկ ուղղակի ստախոս են։ Միջուկային ծրագրի գծով Հայաստանը կարող  է համագործակցել միայն ՌԴ-ի հետ։ «Ռոսատոմը» համաշխարհային միջուկային ընկերությունների հսկան է, եւ վերահսկում է աշխարհում կառուցվող միջուկային կայանների 50-60 տոկոսը, այսինքն՝ ինքն է կառուցում։ Այլ երկրներ նմանատիպ համակարգ չունեն, շուկան էլ այդքան մեծ չէ, ընտրություն չկա»,-ընդգծեց զրուցակիցս։