Search
Close this search box.

Հայաստանում ձերբակալված բելառուսցին ապաստան կստանա

Բելառուսի դեմոկրատական ուժերի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան Եվրոնեսթի համաժողովի ժամանակ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Բարձրացվել Է Բելառուսի ուժայինների պահանջով ձերբակալված Նովիկովի հարցը։ Հայաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ նա քաղաքական ապաստան կստանա, հաղորդում է Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը:
Յարոսլավ Նովիկովը չի կարողացել Վրաստանում բուլղարական վիզա ստանալ, ուստի 2024 թվականի փետրվարի սկզբին ստիպված է եղել մեկնել Հայաստան։ Նրան ձերբակալել են, քանի որ երիտասարդը Բելառուսի պահանջով ընդգրկվել է ԱՊՀ միջպետական հետախուզման բազայում: Հայրենիքում նրա դեմ քրեական գործ է հարուցվել բանակում ծառայությունից խուսափելու համար։ Դատարանը նրան կալանքի տակ է առել՝ հետագայում Բելառուս տեղափոխելու համար, իսկ Վերաքննիչ դատարանը օրինական է ճանաչել նրա կալանքը։ Հայաստանի գլխավոր դատախազությունը Մինսկից ստացել է փաստաթղթեր, որոնց համաձայն՝ Բելառուսի ուժայինները պահանջում են արտահանձնել նրան: Նովիկովը քաղաքական ապաստան ստանալու համար դիմել է ՀՀ իշխանություններին։ Օրերս պետք է տեղի ունենար նրա զրույցը Միգրացիոն ծառայության աշխատակիցների հետ։
Մարտի 17-ին հայտնի է դարձել, որ Հայաստանում Բելառուսի ուժայինների պահանջով ձերբակալվել է ոչ միայն Յարոսլավ Նովիկովը, այլ ևս 4 բելառուսցի։ Նրանց բոլորին մեղադրում են ծառայությունից խուսափելու համար։