Search
Close this search box.

Ապրիլի 5-ին համագումար է լինելու․ ինչո՞ւ Արշակ Կարապետյանը որոշեց նոր կուսակցություն ստեղծել

Ապրիլի 5-ին տեղի է ունենալու «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը: Այդ կուսակցության մասին առայժմ հայտնի է այն, որ կուսակցությունը լինելու է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի քաղաքական դաշտ մտնելու պլատֆորմը, այն ուժը, որի միջոցով Կարապետյանը իրագործելու է շարժման կողմից հայտարարված նպատակները:

Առաջին հարցը, որ առաջանում է այս կուսակցության ստեղծման առիթով այն է, թե կուսակցությունների այսպիսի բազմազանության մեջ ի՞նչ իմաստ ունի ստեղծել ևս մեկ կուսակցություն:

Նախ պետք է հաշվի առնել, որ չնայած Հայաստանում գրանցված Է 70-ից ավել կուսակցություն , սակայն դրանցից գործունեություն են ծավալում լավագույն դեպքում մեկ տասնյակը: Մնացած 60+-ը մեռած կուսակցություններ են, մեռած, սակայն անթաղ: Ավելի լավ է, ստեղծել, կյանք տալ նոր կուսակցության, քան փորձել հարություն տալ մեռելներից մեկին: Մեռելներին պետք է հանգիստ թողնել, և չխանգարել նրանց անդրշիրիմյան անդորրը:

Ինչ վերաբերվում է գործունեություն ծավալող կուսակցություններին, ապա նրանց գործունեության արդյունքը առավել քան տեսանելի է, նրանց գործունեության արդյունքը Հայաստանի ներկայիս վիճակն է: Այնպես որ, ողջյունելի է, որ Կարապետյանը որոշել է քաղաքական դաշտ մտնել նոր կուսակցությամբ: Կարապետյանը իր շուրջ է համախմբում կազմակերպությունների ու կուսակցությունների, ովքեր պատրաստ են համախմբման և համագործակցության․ և այդ գործընթացը սկսված է:

Մյուս կարևոր հարցը, որ ծագում է այս պարագայում, թե ինչպես կարող է Արշակ Կարապետյանը գտնվելով ՌԴ-ում, իսկ ավելի կոնկրետ Մոսկվայում, բայց քաղաքական գործունեություն ծավալել Հայաստանում: Եթե Կարապետյանը գտնվում է Մոսկվայում, նշանակում է նա դրա համար ունի բավարար հիմանավոր պատճառներ. Հայաստանի ներկայիս իշխանությունը գործում է օրենքից դուրս, և ցանկացած մեկը, ով վտանգ է ներկայացնում այդ իշխանությանը, կամ զրկվում է ազատությունից, կամ ընդհանրապես կյանքից: Օրինակները բազմաթիվ են: Այնպես որ, պահանջել Կարապետյանից գալ Հայաստան, և Փաշինյանի հրահանգով հայտնվել բանտում, այնքան էլ տրամաբանական չէ: Մոսկվայից ավելի հեշտ կլինի կազմակերպել կուսակցության գործունեությունը, քան, ինչպես ասում են, Փաշինյանի հսկողության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկից: Կարապետյանի հրապարակային ելույթները, հարզացրույցները ցույց են տալիս, որ նա ունի հանրային մեծ լսարան, աջակիցների մեծ բանակ, ովքեր մինչև նրա վերադարձը կարող են կազմակերպել կուսակցության բնականոն գործունեությունը:

Կարապետյանը հայտարարում է, որ Փաշինյանը դավաճան է, և նա երկիրը տանում է կործանման: Այդ կործանումը թույլ չտալու համար պետք է հեռացնել Փաշինյանին և փրկել Հայաստանը այնպես, ինչպես մարմնի վրա առաջացած չարորակ նորագոյացությունն են հեռացնում՝ մարմինը փրկելու համար: Որքան շուտ, որքան արագ, այնքան լավ, այքան բուժումը, վերականգնումը կլինի արդյունավետ: «Համահայկական ճակատ»-ը լինելու է այդ չարորակ նորագոյացությունը հեռացնելու արդյունավետ գործիքը, իսկ նրա շուրջ համախմբված կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները և անհատները օգնելու են, որ Կարապետյանը այդ գործն անի հնարավորինս արագ և անցնցում:

Շատերը հարց են տալիս, թե ինչպես է Կարապետյանը փրկելու Հայաստանը, կամ կարողանալու փրկել: Ի վերջո վերջին տարիներին Հայաստանում շատերն են հայտարարել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու և երկիրը փրկելու անհրաժեշտության մասին, նման բազմաթիվ փորձեր են եղել, բայց դրանք ձախողվել են: Թե ինչպես է Կարապետյանը և նրա ստեղծած կուսակցությունը պատրաստվում իրականացնել Հայաստանի փրկությունը, հույս ունենք որ դրա մասին ավելի հանգամանորեն կխոսի հենց Արշակ Կարապետյանը, գուցե մեզ հետ հարցազրույցում, կամ համագումարի իր ծրագրային ելույթում:

Մի բան հստակ է. Փաշինյանը չունի հայ ժողովրդի և հայ մարդու աջակցությունը, նա մերժված է ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Եթե Կարապետյանին հաջողվի իր շուրջ համախբել Հայաստանի և Սփյուռքի կարող և գրագետ ուժերին, ինչը ըստ էության սկսված է, և ամբողջ թափով ընթանում է, ապա վստահ կարելի է ասել, որ Փաշինյանը հեռացումը ոչ թե ամիսների այլ շաբաթների հարց կլինի:

Armlife.am