Search
Close this search box.

Կողմերի միջև կան որոշակի խնդիրներ․ Միրզոյանը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին

Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայի «Անադոլու» լրատվական գործակալությանը։ Ի թիվս այլ հարցերի, խոսել հայ-ադրբեջանական բանակցություններից ու կարգավորման գործընթացից։

Ըստ ՀՀ ԱԳ նախարարի, կողմերի միջև կան որոշակի խնդիրներ, որոնցից մի քանիսի շուրջ համաձայնության են եկել։
«Երկու կարևոր հարցերի շուրջ կողմերի մոտեցումները տարբեր են։ Խնդիրներից առաջինը երկու երկրների սահմանների որոշման սկզբունքն է, իսկ երկրորդը՝ տարածաշրջանային կապերի ու տրանսպորտային հանգույցների ապաշրջափակումը»,- ասել է նա։

Նշելով, որ ոչ ոք նոր սահմաններ գծելու իրավասություն չունի, Միրզոյանն ասել է, որ Երևանը ցանկանում է, որ Ալմա Աթայի 1991թ. հռչակագիրը ներառվի խաղաղության համաձայնագրի նախագծում։ Միրզոյանը հայտարարել է, որ այս հարցում Ադրբեջանից դրական պատասխան չի ստացվել։

Միրզոյանը հայտնել է, որ հայկական կողմը «պատրաստ է բացել տրանսպորտային երթուղիները տարածաշրջանի բոլոր ուղիների և հանգույցների երկայնքով»։

Նախարարը նշել է, որ հայկական կողմը դեմ է երրորդ երկրների ներգրավմանը, որոնք պետք է ապահովեն Հայաստանով անցնող տրանսպորտային ուղիների, կյանքի և գույքի անվտանգությունը և ասել, որ տարածաշրջանում տրանսպորտային ուղիները «պետք է լինեն այն երկրի ինքնիշխանության և իրավասության ներքո, որտեղ գտնվում են։ Կարևոր են փոխադարձության ու հավասարության սկզբունքները։ Գործընթացը պետք է կառուցվի այս մոտեցումներով»։

«Փոխադարձության ու հավասարության նույն սկզբունքը պիտի գործի Ադրբեջանով անցնող տրանսպորտային ուղիների վրա, և որ այնտեղով անցնող ճանապարհների վերաբերյալ նույնպիսի լիազորությունները պետք է պատկանեն Բաքվին»,-մատնանշել է Միրզոյանը և ընդգծել, որ ադրբեջանական կողմը հավանություն չի տվել այդ սկզբունքին։

Պատասխանելով հարցին, թե Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ որոշվել է արդյո՞ք հաջորդ հանդիպման օրը, Միրզոյանը պատասխանել է, որ նոր հանդիպման օրը որոշված ​​չէ, իրենք մշտական ​​կապի մեջ են և հույս ունեն առաջիկայում որոշել հանդիպման նոր ժամկետ։