Search
Close this search box.

Նրանք բոլորը կրակի հետ են խաղում․ Պեսկով

Արևմուտքի երկրները կրակի հետ են խաղում՝ քննարկելով Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորությունը: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա վտանգավոր է համարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նման առաջարկի ի հայտ գալու փաստը։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվայում Արևմուտքից լսում են «մեծ թվով հակասական հայտարարություններ» Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու վերաբերյալ, սակայն «ինքնին դրա քննարկման փաստը վտանգավոր է»: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ «հարկավոր է բանավեճ սկսել այդ հարցի շուրջ», հնչում են այն դատողությունների ֆոնին, որ Արեւմուտքին անհրաժեշտ է, որ «Ռուսաստանը ռազմավարական պարտություն կրի»:

«Նրանք բոլորը կրակի հետ են խաղում», – ընդգծել Է Պեսկովը և հավելել, որ գերմանացի սպաների կողմից Ռուսաստանին հարվածներ հասցնելու քննարկման հետ մեկտեղ այդ ամենը հանգեցնում է «իրավիճակի հետագա դեգրադացիայի»:

«Իհարկե, սա չափազանց անպատասխանատու պահվածք է», – տեղի ունեցածին գնահատական է տվել Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը նշել է, որ Մոսկվայի համար «գլխավորը իր նպատակներին հասնելն է», իսկ «Ռուսաստանը բաց երկիր է դրանց հասնելու քաղաքական – դիվանագիտական տարբերակների համար»: