Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անթալիայում Ռուբինյանի եւ Քըլըչի բանավեճը՝ հայ–թուրքական սահմանի բացման վերաբերյալ

Հայաստանը պատրաստ է թեկուզ հիմա կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ և ապաշրջափակել հաղորդակցությունները։ Այս մասին Անթալիայում Դիվանագիտական ​​ֆորումում ասել է խորհրդարանի փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Եթե Սերդարը համաձայնի, մենք կարող ենք այդ մասին այսօր հայտարարել։ Հուսով եմ, որ դուք համաձայն եք, և այս ֆորումը կդառնա պատմական: 2022 թվականի հուլիսին ես և Սերդարը հայտարարեցինք, որ 2023 թվականի ամռանը կբացենք ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, իսկ հետո՝ դիվանագիտական ​​անձնագիր ունեցողների համար։ Ցավոք, դա դեռ տեղի չի ունեցել։ Հայկական կողմից դրա համար ողջ ենթակառուցվածքը պատրաստ է»,- ասաց Ռուբինյանը։

Նա նշեց, որ նման առաջարկ է արել, քանի որ զգում է, որ Թուրքիան չի կարող ավելի առաջ գնալ. «Բայց եթե երկու երկրները ցանկանում են հարաբերությունների կարգավորում և հաշտեցում, երկու երկրների ժողովուրդները պետք է հաղորդակցվեն միմյանց հետ։ Մեկուսացումն ամրապնդում է պատմական կարծրատիպերը և հիմնված չէ յուրաքանչյուր կողմի շահերի վրա»։

Ռուբինյանը հիշեց, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ երկու երկրների սահմանները բաց էին մարդասիրական օգնություն տրամադրելու և ստանալու համար, և սա, ըստ նրա, հուզիչ պահ էր. «Մենք պետք է ի վիճակի լինենք բացել սահմանները ոչ միայն ողբերգության ժամանակին, բայց նաև ուրախ, բարենպաստ պահին բացել սահմանները։ Ես պատճառ չեմ տեսնում Թուրքիայի հետ փակ սահմանը պահելու համար»։