Search
Close this search box.

«Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալված ադրբեջանցի բլոգերին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալված ադրբեջանցի բլոգեր Քյամիլ Զեյնալիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 4 հոդվածով՝ 135 (Մարդկության դեմ հանցագործություն), 137 (Պատերազմական հանցագործություններ), 140 (Պատերազմական հանցագործություններ՝ պատերազմի արգելված մեթոդներով), 147 (Վարձկանների հավաքագրում) և 149 (Ագրեսիա) հոդվածներով, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Զեյնալիի դատավարությունը տեղի է ունենալու վաղը։ Նշվում է, որ Հայաստանը Քյամիլ Զեյնալիին փնտրել է 44-օրյա պատերազմի մեկնարկից 2 օր անց՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին։ Նրա փաստաբան Ալեքպեր Գարաևն ավելի վաղ հայտարարել էր, որ բլոգերը ձերբակալվել է Հայաստանի պահանջով։ Ըստ նրա՝ Զեյնալին տեղափոխվել է Դոմոդեդովոյի ոստիկանության բաժին։

Փաստաբանը նշել էր, որ Զեյնալիին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, սակայն չէր մանրամասնել, թե ինչ հոդվածների մասին է խոսքը։ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին նույնպես լրատվամիջոցներին ասել էր, որ բլոգերը ձերբակալվել է Հայաստանի պահանջով։ Նա նշել էր, որ դիմումը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականի մայիսին։