Search
Close this search box.

Այս հաղթանակը նվիրված է հայ ազգին, հայ զինվորին. Գոռ Սահակյան

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը նպատակ ունի փոխել քաշային կարգը:

«Չեմպիոնությունը պահպանելն ավելի դժվար է: Այս առաջնությանը մոտ մեկ ամիս և 10 օր էինք պատրաստվել: Ժամանակը քիչ էր: Կարող էի ավելին անել, նույնիսկ ավելին, քան արել էի Երևանում նախորդ տարի կայացած առաջնությունում: Չստացվեց: Փառք Աստծո, որ այս կիլոգրամներով կրկնեցի Եվրոպայի չեմպիոնությունը: Փորձելու եմ հետագայում բոլոր սխալներս ու թերություններս շտկել: Այս հաղթանակը նվիրված է հայ ազգին, հայ զինվորին, բոլոր նրանց, որոնք ի սրտե ուրախացել ու հավատացել են ինձ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Եվրոպայի չեմպիոնը:

Սահակյանի խոսքով` ինքն ունակ էր ավելին անել թե՛ պոկում, թե՛ հրում վարժություններում, իսկ գրանցած արդյունքը չի բավարարում իրեն:
«Կարծում եմ՝ քաշային կարգս կփոխեմ, իսկ մնացածը ժամանակը ցույց կտա»,-ընդգծել է նա:

Հիշեցնենք` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի հավաքականն ներկայացուցիչ 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 311 կգ արդյունքով դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն։

Հրում վարժությունում Գոռը գլխավերևում պահեց 171 կգ ծանրաձողն ու արժանացավ նաև փոքր ոսկե մեդալին, իսկ պոկում վարժությունում դարձավ փոքր բրոնզե մեդալակիր։