Search
Close this search box.

«Հրապարակ». Ե՞րբ «Վայլդբերիսի» բեռները կհասնեն Հայաստան

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրապարակը» երեկ կապվեց Լարսի անցակետում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Վահան Հակոբյանի հետ, որպեսզի հետաքրքրվի՝ ինչ իրավիճակ է այս պահին տիրում Լարսում, ճանապարհներն անցանելի՞ են, կա՞ն բեռնատարների կուտակումներ։

«Այս պահին իրավիճակը հետեւյալն է․ ճանապարհն այս պահին բաց է, սակայն այս օրերին հիմնականում փակվում է, քանի որ երեկոյան ժամերին ճանապարհը սառցակալվում է, եւ բեռնատարների համար երթեւեկությունն այդ ոլորանների վրա վտանգավոր է դառնում, դրա համար Վրաստանի իշխանությունները հիմա ժամանակ առ ժամանակ բեռնատարների համար երթեւեկությունը սահմանափակում են։ Նաեւ շուտով, երեւի հաջորդ շաբաթվա ընթացքում էլի ձյան տեղումներ են սպասվում, կարծում եմ՝ ճանապարհն էլի կփակվի։ Սակայն այս պահին բաց է, եւ կուտակված մեքենաները փորձում են անցնել։ Այս պահին բավականին կուտակումներ ունենք՝ մոտ 600-700 բեռնատար ունենք, որոնք Հայաստանից դուրս են եկել, բայց Ռուսաստանում դեռ ձեւակերպում չեն ստացել, այսինքն՝ դրանց մի մասը դեռ Վրաստանի տարածքում է գտնվում, մի մասն արդեն Լարսի անցակետում ձեւակերպվում է։ Հակառակ ուղղությամբ էլի նույն քանակությամբ բեռնատարներ ունենք, որոնք սպասում են Հայաստան հասնելուն»,- պատասխանեց Հակոբյանը։

Հիմնականում ի՞նչ բեռներ են Հայաստանից դուրս եկած բեռնատարներում, Հակոբյանի խոսքով՝ տարբեր բեռներ կան՝ կոնյակ, միրգ, բանջարեղեն, շինանյութ եւ այլն։ Հակոբյանին խնդրեցինք ասել, թե արդյոք Հայաստան մտնելուն սպասող բեռների շարքում «Վայլդբերիսի» բեռնատարներ կա՞ն․ տարբեր քաղաքացիներ իրենց ֆեյսբուքյան էջերում ահազանգում են, որ իրենց պատվերները տեղ չեն հասնում։ «Այս պահին որեւէ տարբերություն չկա, թե ինչ բեռ է տեղափոխում բեռնատարը, բոլորը նույն առաջնահերթությամբ ձեւակերպվում են եւ շարունակում են ճանապարհը։ Համոզված եմ, որ հերթի մեջ նաեւ «Վայլդբերիսի» բեռնատարներ էլ կլինեն, որոնք իրենց հերթին նույնպես կձակերպվեն եւ կշարունակեն ճանապարհը։ Այս պահին «Վայլդբերիսի» հետ կապված որեւէ խնդրի մասով բողոք չենք ստացել»,- ասաց Հակոբյանը՝ կրկին հավելելով, որ բեռնատարների կուտակումները կապված են միայն եղանակային պայմանների հետ։