Search
Close this search box.

«Հրապարակ». Խուլիգանության մեջ մեղադրվող Փարաքարի համայնքապետի «վախը բռնել» են

«Հրապարակ» թերթը գրում է. Նախորդ տարվա ապրիլին խմած վիճակում գիշերային ակումբում խուլիգանություն կատարած Փարաքարի գործող համայնքապետ Դավիթ Մինասյանին իրավապահները չկալանավորեցին միայն այն բանի համար, որ նա իշխանությունների դրածո համայնքապետն է։ Սակայն իշխանությունների «մարդը» լինելը դեռ բավարար չէ, պետք է նաեւ հավատարիմ «ծառա» լինես, իսկ Դավիթ Մինասյանը վերջին շրջանում «ալիքները խառնել է»: 

Ավելի վաղ գրել էինք՝ Փարաքար խոշորացված համայնքում կրկին քաղաքական ցնցումներ են հասունանում։ Գործող համայնքապետ Դավիթ Մինասյանը, ով բանավոր համաձայնությամբ` ընտրվելուց 2,5 տարի անց պաշտոնը պետք է զիջեր ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանին, մեր տեղեկություններով, փոշմանել է։ Հիշեցնենք, որ ավագանի անցած ուժերը նման պայմանավորվածություն ձեռք բերեցին անցած տարվա հունվարին, երբ ընտրություններից հետո ոչ մի ուժ մեծամասնություն չստացավ: Երկար քննարկումներից, ծեծկռտուքներից ու բոյկոտներից հետո ամենաքիչ ձայներ հավաքած «Դավիթ Մինասյան» դաշինքը կոալիցիա կազմեց ոչ թե ընդդիմադիր «Ապրելու երկրի», այլ ՔՊ-ի հետ, որին էլ խոստացավ 2,5 տարուց հետո զիջել իշխանությունը։ Հիմա աթոռը զիջելու ժամանակը եկել է, սակայն Դավիթ Մինասյանը հեռանալու մտադրություն չունի, իսկ իշխանությունները խոստանում են գործի դնել կալանքով եւ այլ ուժային մեթոդներով «վախը բռնելու» միջոցները։ Մինասյանին հաշված օրեր են մնացել՝ կա՛մ հանգիստ կթողնի համայնքապետի աթոռը, կա՛մ կկալանավորվի։ 

Գիշերային ակումբում Դավիթ Մինասյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քրեական վարույթ էր նախաձեռնվել, գործն ուղարկվել է դատարան։ Գործի վերաբերյալ տեղեկությունը «Դատալեքսում» առկա է։ Դավիթ Մինասյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա «մտերիմների՝ Գոռ Մարտիրոսյանի եւ ինքնությունները չպարզված մի խումբ անձանց հետ 2023 թ. ապրիլի 23-ին, ժամը 02։00-ի սահմաններում գտնվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Կալիֆորնիա» գիշերային ակումբում, որտեղ ոգելից խմիչքի ազդեցության տակ ակումբի սրահից դուրս է հրավիրել ակումբի հաճախորդ Սարգիս Սերգեյի Հովսեփյանի հետ նույն սեղանի շուրջ նստած, ինքնությունը չպարզված կնոջը, ինչին Սարգիս Հովսեփյանի կողմից հակադրվելուց հետո Դավիթ Մինասյանը, չհամակերպվելով այդ փաստի հետ, արտաքուստ անձնական հարաբերություններից բխող վրեժի շարժառիթով, սակայն իրականում սեփական անձի հիասթափությունը հաղթահարելու եւ շրջապատում ինքնահաստատման ձգտմամբ ակումբի նախասրահ է հրավիրել Սարգիս Հովսեփյանին եւ վերջինիս հետ գտնված, ինքնությունները չպարզված անձանց՝ պարզաբանումներ պահանջելու նպատակով, որտեղ բացահայտ ցույց է տվել իր արհամարհական վերաբերմունքը հասարակության՝ ակումբում հավաքված անձանց նկատմամբ եւ իր՝ հասարակության մեջ թվացյալ առավելությունն ընդգծելու նպատակով, ակումբի նախասրահում անհարկի բարձրաձայն հայհոյանքներ տալով, անհարգալից վերաբերմունք է դրսեւորել ներկա գտնվող անձանց, ակումբի աշխատակիցների, հաճախորդների եւ անվտանգության աշխատակիցների նկատմամբ»։ Ապա մեղադրանքի որոշման մեջ գրված է, որ Դավիթ Մինասյանը ձեռքին առկա ապակյա բաժակով հարվածել է ակումբի նախասրահի պատին ամրացված հայելուն եւ իր մտերիմների հետ դուրս է եկել ակումբից: Դավիթ Մինասյանին հետեւել է նաեւ նրա մտերիմ Գոռ Մարտիրոսյանը, ով եւս «ձեռքին առկա ապակյա բաժակը հարվածել է ակումբի նախասրահի պատին ամրացված հայելուն»։

Այնուհետեւ Դավիթ Մինասյանը, Գոռ Մարտիրոսյանը եւ «ինքնությունները չպարզված անձինք» ակումբի դիմաց «չնչին», այն է՝ «ավտոմեքենայի ճանապարհը փակելու առիթով վիճաբանության են բռնվել ինքնությունը չպարզված անձի հետ եւ շարունակելով խուլիգանական գործողությունները, խոչընդոտել են հիշյալ անձի երթեւեկությանը, կանգնեցրել նրան, որի ընթացքում շուրջ 15 րոպե համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ճանապարհի երթեւեկությունը խոչընդոտելով, մարդկանց անդորրը խախտելով՝ Դավիթ Մինասյանը քաշքշելով փորձել է ավտոմեքենայից դուրս հանել վարորդին, իսկ Գոռ Մարտիրոսյանը ոտքերով հարվածներ է հասցրել հիշյալ ավտոմեքենային»: Թե ինչու է քննությունն այսքան թերի արվել, եւ Քննչական կոմիտեն ինչպես չի կարողացել պարզել միջադեպի մասնակիցների ամբողջ շրջանակը, որտեղ այսքան շատ մարդիկ են մասնակցել, պարզ չէ: Գուցե ոմանց միտումնավոր «դո՞ւրս են բերել» քննությունից:

Դավիթ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` խուլիգանություն: Փարաքարի համայնքապետի եւ գործով անցնող մյուս անձանց նկատմամբ ընտրվել է երկրից չբացակայելու արգելքը։ Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 27-ին՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում։