Search
Close this search box.

ԼՂ-ից հայերի զանգվածային տեղահանման մեղավորները պետք է պատժվեն. Միյատովիչ

«Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պետք է իրենց խաղաղ բանակցություններում կենտրոնանան մարդու իրավունքների պաշտպանության վրա և հաստատեն մարդու իրավունքների ուժեղ երաշխիքներ հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար»:

Այդ մասին ասել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ հրապարակելով 2023 թվականի հոկտեմբերի 16-ից 23-ը Հայաստան և Ադրբեջան, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ կատարած իր այցի դիտարկումները։

Տասնամյակների ընթացքում առաջին անգամն էր, որ նման իրավապաշտպան առաքելությունը կարողացավ այցելել Լեռնային Ղարաբաղ։

Այցի պատճառը սեպտեմբերի վերջին ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 101,000 ԼՂ հայերի զանգվածային տեղահանումն էր դեպի Հայաստան: Ըստ զեկույցի, դա հաջորդել է սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողություններին, որոնք Արցախի իննամսյա շրջափակման ու հումանիտար ճգնաժամից հետո հանգեցրին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի լիակատար վերահսկողության։
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը Հայաստանում զրուցել է Արցախի հայերի հետ, ովքեր հեռացել էին իրենց տներից և գտնվում էին իշխանությունների տրամադրած ապաստարաններում։ Ստեփանակերտում՝ հայ բնակչության հեռանալուց հետո հանձնակատարն ականատես է եղել դատարկ փողոցների, լքված տարածքների և քաղաքացիական անձանց ներկայության գրեթե ոչ մի նշանի: Իր լսածի և տեսածի հիման վրա հանձնակատարը եզրակացրել է, որ 2023 թվականի սեպտեմբերի վերջին ԼՂ հայերը հայտնվել են լքված վիճակում՝ առանց որևէ կողմի կողմից որևէ հուսալի անվտանգության կամ պաշտպանության երաշխիքների, և որ նրանց համար տնից հեռանալը միակ ողջամիտ ու հասանելի է տարբերակն էր։

Ողջունելով Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ ԼՂ-ից ժամանած բոլոր կարիքավորներին առաջին տարրական օգնություն տրամադրելու ուղղությամբ, հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստան փախած ղարաբաղցի հայերի և, մասնավորապես, խոցելի խմբերին պատկանողների համար պետք է երաշխավորվի բոլոր անհրաժեշտ աջակցության հասանելիությունը անմիջական, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում: 
«Եվրոպայի խորհրդի անդամ երկրները պետք է կենտրոնանան ֆինանսական աջակցության վրա՝ ապահովելու, որ տեղահանվածների և նրանց ընդունող բնակչության հումանիտար կարիքները լիովին բավարարվեն», — ավելացրել է հանձնակատարը:

Հանձնակատարն ընդգծել է, որ ՀՀ տեղահանված ղարաբաղցի հայերին պետք է ապահով և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի, նույնիսկ եթե դա հիպոթետիկ է թվում այս պահին, ներառյալ՝ ճկուն լուծումներ գտնելու միջոցով, մասնավորապես՝ կապված նրանց քաղաքացիության և իրավական կարգավիճակի հետ: Մինչ հնարավոր վերադարձը, պետք է անհապաղ ուղիներ գտնել, այդ թվում՝ անվտանգության երաշխիքներ հաստատելով, որպեսզի ղարաբաղցի հայերը ժամանակավորապես մուտք գործեն իրենց տները կամ բնակության վայրերը և այցելեն գերեզմաններ, որտեղ թաղված են հարազատները: 

Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովել, որ ղարաբաղցի հայերի թողած ունեցվածքը պաշտպանված լինի թալանից, գողությունից կամ տիրանալուց: Այն սակավաթիվ էթնիկ հայերը, ովքեր մնացել են Ղարաբաղի տարածաշրջանում, նույնպես պետք է օգտվեն մարդու իրավունքների պաշտպանությունից, այդ թվում՝ ապահովելով նրանց ազատ տեղաշարժը:

Հանձնակատարն ընդգծել է, որ երկարատև հակամարտության հետևանքով տեղահանված բոլոր անձինք իրավունք ունեն վերադառնալու իրենց տները կամ սովորական բնակության վայրերը կամավոր և ապահով և արժանապատվության պայմաններում։

«Միջազգային մարդասիրական իրավունքի խախտման և հակամարտության հետ կապված մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին բոլոր մեղադրանքները պետք է արդյունավետ և անհապաղ հետաքննվեն, մեղավորները պատասխանատվության ենթարկվեն և արդար, անկախ և անաչառ դատավարությունից հետո մեղավոր ճանաչվեն, դատապարտվեն և պատժվեն: Սա ներառում է մեղադրանքներ՝ կապված Լաչինի միջանցքի արգելափակման հանգամանքների, ղարաբաղցի հայերի զանգվածային տեղահանման և սեպտեմբերի 19-ից 20-ի ռազմական գործողության հետ»,- ասել է հանձնակատարը։ 

Հանձնակատարի դիտարկումներում անդրադարձ է եղել նաև ԼՂ հակամարտության հետ կապված կալանավորված անձանց կալանքի պայմաններին, ընտանիքների հետ շփման մակարդակին, կարևորվել ամբողջ տարածաշրջանում անհայտ կորածների ճակատագրի պարզաբանմանը։
Ի վերջո, հանձնակատարը երկու երկրների իշխանություններին կոչ արեց պայքարել ատելության խոսքի դեմ և խթանել փոխըմբռնումն ու վստահությունը, այդ թվում՝ քաղաքացիական հասարակությանը ներգրավելով մարդու իրավունքներին համապատասխան հաշտեցման գործընթացների մեջ: