Search
Close this search box.

«Արցախի Հանրապետությունը շարունակում է գոյություն ունենալ». Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետությունը շարունակում է գոյություն ունենալ․ որևէ հրամանագիր՝ անկախ արձակողից, չի կարող լուծարել այն։ Նախ՝ Արցախի Հանրապետությունը ստեղծվել է 1991թ․ դեկտեմբերի 10-ին՝ Արցախի ժողովրդի կողմից անցկացված համաժողովրդական հանրաքվեի միջոցով, հետևաբար այն կարող է լուծարել միայն ժողովուրդը, իսկ ժողովուրդն էլ դա, բնականաբար, չի անելու։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Կա Արցախի Հանրապետություն, որն օկուպացված է թշնամու կողմից։ Փաստը դա է։ Ինչ վերաբերում է Սամվել Շահրամանյանի ստորագրությամբ հրամանագիր լինել-չլինելուց, ոչ կարող եմ հաստատել, ոչ էլ՝ ժխտել։ Մյուս կողմից, եթե գրվել է հրամանագիր, որը տեղավորվել է մի թղթապանակում, իրավական ուժ չի կարող ունենալ․ ցանկացած հրամանագիր ուժի մեջ է մտնում հրապարակման պահին։ Նման փաստաթուղթ չի հրապարակվել։ Բացի այդ, ինչպես արդեն նշեցի, ոչ մեկը՝ թեկուզ նախագահը, իրավասու չէ նմանօրինակ հրամանագիր արձակելու»,- ասել է պատգամավորն ու հավելել՝ այդ թեմայի շուրջ առաջինն աղմուկ բարձրացնողն ու ճնշումներ գործադրողը փաշինյանական թևն է։
Հակոբյանի խոսքով՝ հիմա շատ ավելի կարևոր գործեր կան, որոնց ուղղությամբ Արցախի խորհրդարանը պետք է աշխատի․ «Գործընթացներ են ընթանում, բայց ոչ այն ինտենսիվությամբ, ինչ պետք է լինեին։ Ունենք օրակարգ, բայց գործնական քայլերը դանդաղում են։ Միանշանակ, պետք է միջազգային հարթակներում գործունեություն ծավալենք․ դրա համար կան հնարավորություններն ու նախանշանները, ուղղակի համարձակություն է պետք պատասխանատվություն վերցնելու։ Կա նաև ճնշում ՀՀ իշխանությունների կողմից․ որոշ գործիչներ այդ իսկ պատճառով կաշկանդված են, ինչը և խանգարում է, դանդաղեցնում է պրոցեսները»։