Search
Close this search box.

Լաչինի միջանցքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի վերահսկողությանն ու կառավարմանը. Արցախի կուսակցությունների, ԶԼՄ-ների, համայնքների ուղերձը՝ միջազգային հանրությանը

Արցախի ավելի քան 120 կուսակցություններ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքներ ուղերձ են հղել միջազգային հանրությանը․

Նշվում է, որ նամակի հասցեատերերն են ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ գործող նախագահը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, Եվրոպայի Խորհուրդը (Գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ նախագահը, Նախարարների խորհրդի նախագահը), Եվրամիություն Խորհուրդի նախագահը, Եվրոպական Խորհրդարանի նախագահը, ԱՊՀ Գլխավոր քարտուղարը, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ Գլխավոր քարտուղարը։

«Մեր ընդհանուր որոշումը՝ լքել մեր Հայրենիքը՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը, մեր տները, թողնել Սբ․ Մկրտչի մասունքները, մեր հայկական եկեղեցիներն ու մեր նախնիների գերեզմանները, որոնք մենք պաշտպանել ենք դարեր ի վեր, ապացույց է ողջ աշխարհին, որ Արցախի ժողովրդի համար ազատությունը բարձրագույն արժեք է։ Այս ճարահատ որոշումն ընդունվել է շարունակական ցեղասպանական գործողությունների և մեր գլխին կախված գոյաբանական լուրջ սպառնալիքների պայմաններում։

Մենք կայացրինք այդպիսի որոշում, քանի որ նրանք, ովքեր իրենց համարում են մարդու իրավունքների ու ազատությունների ջատագովներ ու պաշտպաններ, որոշեցին հանուն Հայաստանի ու Ադրբեջանի միջև թվացյալ խաղաղության ձեռքբերման և հանուն իրենց աշխարհաքաղաքական շահերի մերժել սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու և ինքնորոշման մեր իրավունքները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ուղերձում նշել են՝ հեռացել են, քանի որ միայն այդպես կարող էի ապահովել իրենց անվտանգությունը և պահպանել մարդկային ու ազգային արժանապատվությունն ու գենաֆոնդը։

Ուղերձում նաև ասվում է․ «Ավելի քան երեք տասնամյակ շարունակ մենք մեր բոլոր ուժերով պաշտպանել ենք մեր երեխաների խաղաղության և ազատ զարգացման իրավունքը: Մենք դիմակայում էինք քաղաքական գործարքներին, որոնցով մերժվում էր սեփական Հայրենիքում ապրելու մեր ինքնիշխան իրավունքը, որը ձեռք է բերվել բազմաթիվ մարդկանց կյանքի գնով, հանուն մեր ազգային արժանապատվության ու ինքնության պահպանման՝ մի քանի սերունդների դարավոր պայքարի ընթացքում ահռելի կորուստների գնով։ Եվ այս պայքարը չի ավարտվել։ Մենք վստահ ենք, որ ճշմարտության և արդարության զորությամբ կվերադարձնենք մեր Հայրենիքը»։

«Մենք մտադիր չենք փոխելու սեփական Հայրենիքի նկատմամբ մեր սկզբունքները, համոզմունքներն ու իրավունքները՝ ո՛չ ուժի, ո՛չ բնաջնջման սպառնալիքի, ո՛չ աքսորի, ո՛չ էլ որևէ այլ քաղաքական հանգամանքներում։ Ամբողջ քաղաքակիրթ աշխարհն այսօր կանգնած է ընտրության առաջ՝ կամ վերականգնել միջազգային կարգը Լեռնային Ղարաբաղում, հիմնված ինքնորոշման իրավունքի և ժողովուրդների ու մարդու այլ իրավունքների ու ազատությունների վրա, կամ լռելյայն համաձայնվել, որ շրջափակումը, ռազմական ագրեսիան, ցեղասպանությունը և օկուպացիան հակամարտությունների լուծման օրինական միջոցներ են հանդիսանում»,- նշվում է ուղերձում:

Նշվում է նաև, որ այսօր բազմաթիվ երկրների առաջնորդներ խոսում են Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի անհրաժեշտության մասին։ Թվարկվել են պայմաններ՝ սեփական հայրենիք ժողովրդի խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի ու կյանքի համար։

«Առաջին՝ մենք բացառում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո։ Ադրբեջանական զինված ուժերը, ոստիկանությունը և վարչակազմը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Արցախի Հանրապետության տարածքից, ներառյալ Շահումյանի շրջանը, որտեղ 1992 թ. իրականացված էթնիկ զտման համար Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրում։

Երկրորդ՝ Արցախի Հանրապետության ողջ սահմանի երկայնքով պետք է տեղաբաշխվեն ՄԱԿ-ի միջազգային բազմազգ խաղաղապահ ուժեր, և ստեղծվի ապառազմականացված գոտի։
Երրորդ՝ Լաչինի միջանցքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի վերահսկողությանն ու կառավարմանը։

Չորրորդ՝ Արցախի Հանրապետության տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը՝ բոլոր փախստականների վերադարձի, ժողովրդավարական և իրավական հաստատությունների ստեղծման և տնտեսության վերականգնման համար պայմաններ ապահովելու համար։ Բոլոր փախստականները պետք է ունենան հավասար կարգավիճակ, հավասար իրավունքներ և ենթարկվեն անցումային շրջանի ընդհանուր կանոններին մինչ հանրաքվեն, որը կհաստատի Լեռնային Ղարաբաղի վերջնական քաղաքական կարգավիճակը, որի արդյունքը իրավաբանորեն կճանաչվի բոլոր պետությունների կողմից։

Հինգերորդ՝ պետք է լիովին բացառվի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների՝ հակամարտության ողջ ընթացքի հետ կապված ցանկացած մեղադրանքով քրեական հետապնդման հնարավորությունը։ Բոլոր ձերբակալված և արդեն դատապարտված հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Մենք պատրաստ ենք ճանաչել միջազգային տրիբունալի իրավասությունը՝ հետաքննելու յուրաքանչյուր ռազմական հանցագործություն, որոնցով մեղսագրվում են մեր քաղաքացիները, սակայն պայմանով, որ այդ տրիբունալը նույնկերպ կքննի բոլոր ռազմական հանցագործությունները, որոնք կատարվել են Ադրբեջանի քաղաքացիների և նրա վարձկանների կողմից։

Մենք պատրաստ ենք ըստ ամենայնի նպաստել հակամարտության խաղաղ լուծմանը, որը հիմնված կլինի ինքնորոշման իրավունքի և ժողովուրդների ու մարդու՝ միջազգայնորեն ճանաչված այլ իրավունքների ու ազատությունների լիակատար հարգման վրա»,- ընդգծված է հաղորդագրության մեջ։