Search
Close this search box.

Ալիևը նշել է պայմանը՝ Արցախ վերադառնալու ցանկություն ունեցող հայերի համար

Իրենց տները լքելը նախ և առաջ նրանց (ղարաբաղցի հայերի – խմբ.) սեփական որոշումն էր։ Այս մասին հայտարարել Է նախագահ Իլհամ Ալիևը «Եվրանյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Տեղեկությունը փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ղարաբաղի հայերի հետ մեր հրապարակային շփումը, ինչպես նաև այն, ինչ արեցինք հետո, ցույց տվեց, որ մենք ուզում էինք, որ նրանք մնան։ Մենք բացահայտ հայտարարել ենք այդ մասին։ Եվ հակաահաբեկչական գործողության ավարտից հետո ադրբեջանական ժողովրդին ուղղված իմ ուղերձում ես ասացի, որ նրանք կարող են մնալ»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարն ասել է. «բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ, ունեն դրա իրավունքը: Նրանց գույքը պատշաճ կերպով պաշտպանված է: Բոլոր պատմական և կրոնական օբյեկտները գտնվում են պատշաճ պահպանության տակ։ Վերադառնալու համար նրանք պետք է պահպանեն որոշակի կանոններ։ Ես այդ մասին խոսել եմ հակաահաբեկչական գործողության մեկնարկից շատ ամիսներ առաջ։ Նրանք, ովքեր ցանկանում են մնալ, պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար: Նրանք չեն կարող ապրել Ադրբեջանում՝ ասելով, որ ապրում են այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում», քանի որ այդպիսի հանրապետություն գոյություն չունի։ Նրանք դա հորինել են իրենց երազներում, իրենց առասպելներում: Այնպես որ, եթե նրանք ցանկանում են ապրել Ադրբեջանում որպես Ադրբեջանի քաղաքացիներ, ապա, իհարկե, նրանք կարող են դա անել»: