Search
Close this search box.

Ինչ է ուզում Փաշինյանը Ծառուկյանից

Օրերս Փաշինյանին սպասարկող Հանրային հեռուստատեսությամբ հայտարարվում է, որ մտադիր են այսպես ասած խլել և տիրանալ գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանի տասնյակ տարիներով աշխատած ունեցվածքին: Այդ նպատակով Փաշինյանը գործի է դրել իր ենթակայության տակ գտնվող բռնության մեքենան, այդ թվում դատախազությունը:

Փաշինյանական իշխանությունը Ծառուկյանի ամբողջ գույքը հռչակում է ապօրինի ծագում ունեցող, ակնհայտորեն նպատակ ունենալով օրինականացնել, իրենցով անել այդ գույքը, որովհետև այն ինչ անցնում է Փաշինյանի և նրա շրջապատի տնօրինման տակ, այլևս «օրինական» է:

Այսպիսով, Փաշինյանական իշխանությունը Հայաստանում վերացնում է սեփականության անձեռնմխելիության սահմանադրական նորմը, շատ վտանգավոր նախադեպ ստեղծելով ապագայի համար, որովհետև ցանկացած հաջորդ իշխանություն կարող է նույնն անել մյուսների նկատմամբ:

Հայաստանում մինչև հիմա տարբեր իշխանություններ են փոխվել, շատ դեպքերում իրար հակադիր և թշնամի, իհարկե նրանց միջև սեփականության որոշ վերաբաշխում եղել է, բայց դա եղել է փոխհամաձայնեցված, շատ դեպքերում դա վերաբերվել է եկամտի աղբյուրների վերաբաշխմանը, բայց ոչ սեփականությանը: Փաշինյանական իշխանությունը ուզում է ցույց տալ, որ կարմիր գծեր չկան, կարող են աչք ունենալ անգամ մարդու բնակարանի, տան վրա:

Դատախազությունը և Հանրային կոչվող հեռուստատեսությունը հաղորդում են պատրաստել, որտեղ ասում են, որ Ծառուկյանը գործարարությամբ է զբաղվել նախորդ դարի 80-ականներից, այսինքն իրենք են ընդունում, որ Ծառուկյանի ունեցվածքը ձևավորվել է դեռևս խորհրդային Հայաստանի տարիներին, որը նա շարունակել է անկախությունից հետո: Խորհրդային Հայաստանում և դրանից էլ հետո մարդու աշխատած միջոցները չեն հաշվառվել, արխիվ չկա, և Ծառուկյանը չի կարող փաստաթղթերով ապացուցել, թե, օրինակ, նա որքան գումար է աշխատել ութսունականներին կամ իննսունականներին:

Բայց եթե մարդը չի կարող ապացուցել, թե որտեղից իրեն նախնական կապիտալը, արդյոք այն օրինական է, թե ոչ, սրանք կարող են ասել, որ այդ կապիտալով ձեռք բերված գույքն ու միջոցները ապօրինի են, քանի որ ոչ թե դատախազությունը պետք է ապացուցի, որ մարդու ունեցվածքը ապօրինի է, այլ սեփականատերը պետք է ապացուցի, որ իր ունեցվածքը օրինական է: Մի բան, որը գրեթե անհնար է, քանի որ, ինչպես նշեցինք, խորհրդային տարիներին ու դրանից հետո աշխատած գումարների փաստաթղթային հիմքերը չէին կարող պահպանվել, մարդիկ իրենց ֆինանսական հաշվետվությունները պահում են առավելագույնը երեք տարի:

Փաշինյանական իշխանությունը նման գործողություններով ոչ միայն ուզում է տիրանալ Ծառուկյանի ունեցվածքին, ինչը նրաց անշուշտ չի հաջողվի, քանի որ նրա իշխանությանը և պաշտոնավարմանը շատ կարճ ժամանակ է մնացել, առավելագույնը մեկ տարի, այլ ուզում է հասարակության առավել աղքատ, տգետ ու ընչաքաղց հատվածին, որը Փաշինյանի իշխանության միակ հենարանն է, ցույց տալ, որ ինքը պայքարում է հարուստների դեմ, ուզում է խլել նրանց ունեցվածքը, որ բաժանի իրենց: Բայց նման կինո նկարելու ժամանակները արդեն անցել են, նույնիսկ փաշինյանական Պողոսն է հասկացել, որ Փաշինյանը հետևողականորեն խաբում է իրենց: Իշխանությունը տիրացել է երկրի բարիքներին ու վայելում է կյանքը, իսկ իրենք ոնց եղել էին ցնցոտինորով ու կիսաքաղց, այնպես էլ մնացել են, և կմնան անգամ, եթե Փաշինյանը տիրանա աշխարհի ամբողջ հարստությանը:

Փաշինյանը գուցե հասկանում է, որ եկել է իր իշխանության վախճանի պահը, և գուցե նա ուզում է սիրուն հեռանալ, հերոսի կերպարով` ձիու վրա, թուրը ձեռքին, բայց իրականում հեռանալու է «էշին նստած», պողպատե չագուչը՝ … լավագույն դեպքում:

Armlife.am