Search
Close this search box.

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների մերձավորները վճարի դիմաց ծառայություններ են մատուցում քաղաքապետարանին

Hetq.am-ը գրում է, Երևանի քաղաքապետարանը Կենտրոն, Արաբկիր, Նոր Նորք, Շենգավիթ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների աղբահանության վճարումների հաշվառման և ընդունման ծառայությունների ձեռքբերման նպատակով այս տարվա հունվարին պայմանագրեր է կնքել մի շարք ընկերությունների հետ: Քաղաքապետարանին ծառայություններ մատուցողների թվում են Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի որդու և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալի կնոջ ընկերությունները:

Ծառայություն մատուցողները պետք է հաշվառեն աղբահանության վճար վճարողներին, հաշվարկեն աղբահանության վճարը, ինչպես նաև գանձեն համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշվին: Աղբահանության վճարի հաշվարկը կատարվում է ելնելով շենքի կամ շինության գործառնական նշանակությունից: Ընդ որում` բնակելի նշանակության շենքերի կամ շինությունների համար հաշվարկը կատարվում է փաստացի բնակվող անձերի քանակով, իսկ այլ շենքերի կամ շինությունների համար՝ ըստ արտադրվող աղբի ծավալի կամ զանգվածի` Երևան քաղաքի ավագանու կողմից սահմանված դրույքաչափերի սահմաններում:

Դավիթ Օհանյանի որդու՝ Էդմոնդ Օհանյանի «Կանաչապատ Մալաթիա» ՍՊԸ-ն վերը նշված ծառայությունները մատուցելու էր Երևանի Մալաթիա-Սեբիաստիա վարչական շրջանում: Այս ընկերության հետ կնքած պայմանագրի գինը կազմում է 17 մլն 492 հազար դրամ:

Առաջին անգամը չէ, որ «Կանաչապատ Մալաթիա» ՍՊԸ-ն ծառայություններ է մատուցում Երևանի քաղաքապետարանին: «Հետքն» անդրադարձել էր, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը կանաչապատելու համար 2016թ. քաղաքապետի տեղակալի որդու ընկերությունը 202 մլն 500 հազար դրամ արժողության պայմանագիր է կնքել Երևանի քաղաքապետարանի հետ: 202 մլն 500 հազար դրամ է եղել նաև 2015թ. նույն նպատակով կնքած պայմանագրի գինը, իսկ 2014թ.՝ 185 մլն դրամ:

«Կանաչապատ Մալաթիա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թվականին: 2011թ. հունիսից մինչև այս տարվա փետրվարի 15-ը ընկերության միակ բաժնետերը Էդմոնդ Օհանյանն է եղել:

Նշված ծառայությունների և կնքված պայմանագրերի վերաբերյալ հարցում էինք ուղարկել Երևանի քաղաքապետարան: Մինչև մեզ պատասխանելը՝ 5 օր առաջ, Էդմոնդ Օհանյանը դուրս է եկել «Կանաչապատ Մալաթիա» ընկերությունից և վերջինիս միակ բաժնետեր է դարձել Տիգրան Չիրոյանը:

Տիգրան Չիրոյանին է պատկանում «Ա.Վ.Ս.», «ԳԵՍՍ», «ԴԻՈՆԵԱ» ՍՊԸ-ները: Նշենք, որ «Ա.Վ.Ս.» ընկերությունը շահագործում էր «Պրոսպեկտ» սրճարանը, որի օտարալեզու ցուցանակի համար 2014թ. ընկերության տնօրեն Տիգրան Չիրոյանը ենթարկվել էր վարչական պատասխանատվության՝ 250 հազար դրամի չափով:

Քաղաքապետարանը նույնաբովանդակ պայմանագիր է կնքել նաև «Պրեստիժ Լենդ» ՍՊԸ-ի հետ: Այս ընկերությունը մոտ 20 մլն դրամ պայմանագրային գնով ծառայություններ է մատուցելու Էրեբունի վարչական շրջանում: 2017թ. հոկտեմբերի 27-ից ընկերության բաժնետերը Արմինե Մխոյանն է: Վերջինս Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Էդգար Մկրտչյանի կինն է:

«Պրեստիժ Լենդ» ՍՊԸ-ն ևս քաղաքապետարանի հետ աշխատելու փորձ ունի: Նրանց միջև ծառայությունների մատուցման տարբեր պայմանագրեր են կնքվել:

Գումարային արտահայտությամբ ամենախոշոր պայմանագիրը կնքվել է «ՍիթիԹայմ» ՍՊԸ-ի հետ՝ 49 մլն 200 հազար դրամ: Վերջինս, ըստ պայմանագրի, ծառայություններ է մատուցելու Երևանի Կենտրոն վարչական շրջանում: Այս ընկերությունը նախկինում էլ քաղաքապետարանի հետ գործարքներ է կնքել: Օրինակ՝ 2014թ. Երևանի քաղաքապետարանը «ՍիթիԹայմ» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրով 3 զինանշան է գնել՝ յուրաքանչյուրը 310.000 դրամ:

Մեկ այլ դեպքում «ՍիթիԹայմ» ՍՊԸ-ն 4.765.000 դրամի դիմաց «Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության շրջանակներում իրականացրել է մի քանի օրով մայրաքաղաք ժամանած հյուրերի օդանավակայանում դիմավորման, Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում ընդունելության ծառայություններ: Բացի այդ, կազմակերպել է երեկոյան ընթրիք Երևանի որևէ բարձրակարգ ռեստորանում՝ «Ջոսսում» կամ դրան համարժեք այլ համալիրում, այցեր է կազմակերպել Էջմիածին, Գառնի, Գեղարդ, Խոր Վիրապ, Նորավանք, Տաթևի վանք և այլն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ աղբահանության վճարը վճարողների կողմից համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է, որը կարող է կատարվել ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:

«ՍիթիԹայմ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012թ.: 2015 թվականից ընկերության միակ բաժնետերը Հովակիմ Դավթյանն է: Վերջինս նաև ընկերության տնօրենն է:

«Մաքուր Նոր Նորք» ՍՊԸ-ի հիմնադիրն ու միանձնյա բաժնետերը Գևորգ Ասատրյանն է: Ընկերությունը աղբահանության վճարումների հաշվառման և ընդունման ծառայություններ է մատուցելու Նոր Նորք վարչական շրջանում: Պայմանագրի գինը կազմում է 33 մլն 990 հազար դրամ: Գևորգ Ասատրյանը քաղաքապետ Տարոն Մրգարյանի մտերիմն է: Նա նույնիսկ հանդես է եկել որպես քաղաքապետի ներկայացուցիչ Երևանի Գ. Ադդարյանի անվան հ. 133 հիմնական դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի կազմում:

Երևանի քաղաքապետարանը Շենգավիթ վարչական շրջանում ծառայություններ մատուցելու համար «Մաքուր Շենգավիթ» ՍՊԸ-ի հետ կնքել է 29 մլն 100 հազար դրամ արժեքով պայմանագիր: Ընկերությունը հիմնադրվել է 2014թ:  «Մաքուր Շենգավիթ» ՍՊԸ-ի միակ բաժնետերը Սամվել Գալստյանն է:

Արաբկիր վարչական շրջանում ծառայություններ է մատուցելու «Արաբկիր-Սերվիս», իսկ Աջափնյակում՝ «Աջափնյակ Կանաչապատում» ՓԲԸ-ները:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: