Search
Close this search box.

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ինչը նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Փարիզում է՝ խաղաղության մասին խոսելու համար։

«Ես չեմ եկել խաղաղության այս ֆորումի ընթացքում խոսելու պատերազմի մասին։ Ես եկել եմ խոսելու խաղաղության մասին, թեև Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետությանն անվանել «Արևմտյան Ադրբեջան»՝ հայերի էթնիկ զտման իր պլանի նվազագույնն իրագործելուց հետո»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը նշեց՝ Ադրբեջանի դպրոցներում, բուհերում, ԶԼՄ-ներում քարոզվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է։

«Եվ այս ամենը կատարվում է՝ չնայած այն բանին, որ մենք, կարծես, մոտ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ խնդիրները լուրջ հարցեր են առաջացնում Ադրբեջանի անկեղծության վերաբերյալ»,- ասաց ՀՀ վարչապետը։

Միևնույն ժամանակ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը հույս ունի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։

«Բայց դա չի սասանում մեր հավատարմությունը խաղաղության օրակարգին, և մենք հույս ունենք, որ առաջիկա ամիսներին կստորագրենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ հիմնվելով Բրյուսելում կայացած բանակցություններում համաձայնեցված սկզբունքների վրա»,- հավելեց նա։

Հայաստանի վարչապետը խոսեց նաև էթնիկ զտումների մասին՝ նշելով, որ դրանց արդյունքում ավելի քան 500 000 հայ այլևս հնարավորություն չունի ապրելու իր հայրենիքում, որոնք էթնիկ զտումների արդյունքում վտարվել են Ադրբեջանից և դարձել փախստական:

«Նրանցից մոտ 300 6000-ը բռնի տեղահանվել են Ադրբեջանից 1990-ականների սկզբից՝ Սումգայիթի, Բաքվի զանգվածային սպանությունների և հայատյացության հետևանքով: Այդ ժամանակից ի վեր հայատյացությունը, ցավոք, դարձել է պետական քաղաքականություն Ադրբեջանում»,– ասաց վարչապետը։