Search
Close this search box.

ՌԴ կառավարության կողմից ստորագրված այս հրամանը վերաբերում է նաև ՀՀ քաղաքացիներին

Հայաստանի և 24 այլ պետությունների քաղաքացիները կկարողանան Ռուսաստանում բանկային հաշիվներ բացել պարզեցված կարգով։ Ինչպես փոխվարչապետների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը, կառավարությունը հաստատել է 25 երկրների ցանկը, որոնց քաղաքացիները և իրավաբանական անձինք կկարողանան հաշիվներ կամ ավանդներ բացել ռուսական բանկերում պարզեցված կարգով:

Միշուստինի խոսքով՝ ցանկում ներառվել են Բելառուսը, Ղազախստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և մի շարք այլ բարեկամ երկրներ:
Միշուստինն ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարներին հրավիրել է Մոսկվա

«Վեդոմոստի» թերթն իր հերթին նշում է, որ ցուցակում ընդգրկվել են նաև Հայաստանը, Ադրբեջանը, Ալժիրը, Բահրեյնը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Կատարը, Ղրղզստանը, Քուվեյթը, Մալայզիան, Մոնղոլիան, ԱՄԷ-ն, Օմանը, Պակիստանը, Տաջիկստանը, Թաիլանդը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:

Ռուսաստանի վարչապետի խոսքով՝ հաշիվներ բացելու համար օտարերկրյա քաղաքացիները պետք է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացնեն իրենց երկրում գտնվող վարկային կազմակերպությանը՝ նախքան ՌԴ մուտք գործելը: ՌԴ ժամանելուն պես նրանք արդեն կկարողանան վճարումներ կատարել ռուսական բանկերում։

«Օտարերկրյա ձեռնարկությունների և ձեռնարկատերերի համար ավելի հարմարավետ պայմանների ստեղծումը կառավարության համակարգային գործունեության կարևոր մասն է ֆինանսական ինքնիշխանության հասնելու համար` նախագահի կողմից սահմանված ազգային նպատակների իրականացման շրջանակներում»,– ասաց նա:

Միշուստինը հավելել է, որ նման որոշումը կոչված է բարելավելու գործընկեր պետությունների գործարար համայնքների միջև փոխգործակցությունը: Այս միջոցառումները կպարզեցնեն ռուսական շուկայում բարեկամ պետությունների քաղաքացիների և կազմակերպությունների գործերի կառավարումը։