Search
Close this search box.

Երդմնակալության վրա ծախսերը չեն կարող գերազանցել 2 մլն դրամը. Հայկ Գրիգորյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վերջերս շատ խոսվեց նոր քաղաքապետի երդմնակալության վրա ծախսված 87 միլիոն դրամի մասին, որի կապակցությամբ կատարել եմ որոշակի ուսումնասիրություն, պարզվել է հետևյալը՝

– Այդ գումարը վճարվել է «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն միանգվագ, առանց մրցույթի, հոկտեմբերի 9-ին կնքված պայմանագրի հիման վրա։ Այդ պայմանագիրը ներառել է ամեն ինչ, ինչ կապկված է երդմնակալության արարողության հետ։ Այսինքն՝ մեկ անձից գնում է, ընդ որում, այդ մեկ կազմակերպությունը հետագայում այլ կազմակերպություններ է ներգրավել, որ ողջ ծառայությունը մատուցի, այսինքն՝ վերավաճառել է մի քանի այլ ծառայություններ կամ ապրանքներ, որոնք քաղաքապետարանը կարող էր ուղղակի պատվիրել անմիջապես այդ կազմակերպություններից։

– Գնումը կատարվել է Երևանի քաղաքապետարանի 2023թ վարչական բյուջեի մասով, կառավարման մարմնի պահպանում, ներկայացուցչական ծախսեր՝ 4237 հոդվածով:

– «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականի մայիսի 17-ին՝ հեղափոխությունից մի քանի օր անց։ 2022 թվականի մայիսի 3-ին ընկերության բաժնետոմսերի 81 տոկոսը ձեռք է բերել Մարինե Ստեփանյանը, իսկ մնացած 19 տոկոսը մայիսի 12-ին անցել է Վազգեն Պողոսյանին։ Մարինե Ստեփանյանն ու Վազգեն Պողոսյանը ամուսիններ են ու հաշվառված են նույն հասցեում։

– Ըստ գնումների պետական համակարգում հրապարակված պայմանագրերի բաժնի՝ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն պետական կառույցներին ծառայություններ է սկսել մատուցել սեփականատերերի փոփոխությունից հետո։

– նախկինում ևս, պետբյուջեից 1 միլիարդ 160 միլիոն դրամ է փոխանցվել «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ին՝ ծանրամարտի առաջնությունը կազմակերպելու համար։

– Ապրիլի 30-ին կայացած Ջազի միջազգային օրը Երևանում միջոցառումը ևս այս ընկերությունն է կազմակերպել, որի համար Երևանի քաղաքային բյուջեից ստացել է շուրջ 90 մլն դրամ։ Հատկանշակամ է ու տարօրինակ, որ ջազի փառատոնի վրա ծախսվել է նույնքան գումար, որքան երդմնակալության վրա։

– Այս ընկերությունը գրեթե մշտապես մասնակցություն ունի բազմամիլիոնանոց պետական գնումներում։

Ինչ եմ առաջարկում այս առումով առնվազն Երևանի քաղաքապետարանի մասով կոռուպցիայի հետագա դրսևորումները բացառելու մասով՝ Ավագանու առաջիկա նիստին ներկայացնելու եմ Ավագանու կանոնակարգում փոփոխության նախագիծ, ըստ որի երդմնակալության վրա ծախսերը չեն կարող գերազանցել 2 մլն դրամը։

Փորձը ցույց է տվել, որ երդմնակալության հնարավոր է կազմակերպել 900 հազար դրամով, ինչպես արվեց Հայկ Մարությանի երդմնակալության ժամանակ 2018թ-ին։ Նաև անհնրաժեշտ է խիստ սահմանափակել մեկ անձից գնում անելու հնարավորությունը՝ զարգացնելով մրցույթ անցկացնելու մշակույթը և մրցակցությունը, հատկապես, երբ գրեթե միշտ հայտագրվում է նույն կազմակերպությունը։

Հուսամ՝ բյուջեի միջոցներ խնայեու նպատակ ունեցող ու կոռուպցիային ու կաշառակերությանը դեմ հանդես եկող ավագանու բոլոր անդամները կողմ կլինեն այս նախագծին։