Search
Close this search box.

Ալիևի հետ հանդիպում նախատեսված է, բայց հոկտեմբերին այն չի կայանա. Փաշինյան

Նման հանդիպում նախատեսված է, բայց հիմա փաստն այն է, որ հոկտեմբերին դա չի կայանա, ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին, թե ինչն էր հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման չկայանալու պատճառը։

«Այո՛, նախատեսված էր այդպիսի հանդիպում, բայց հիմա հայտարարությունը և փաստը այն է, որ հոկտեմբերին չի կայանա, և, ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը, բայց և կան աշխատանքային մանրամասներ, որոնք մենք առաջիկա օրերին ԵՄ-ի մեր գործընկերներից կփորձենք պարզաբանումներ ստանալ և հասկանալ հետագա անելիքները: Իհարկե, որոշ հարցերի պատասխան նաև ունենք, բայց նաև չէի ցանկանա շտապել այդ ամենի վերաբերյալ գնահատական հնչեցնել: Ես կարող եմ ասել, որ մենք, ինչպես նախկինում, պատրաստակամություն ենք հայտնել, որպեսզի մասնակցենք այդ հանդիպմանը: Նաև ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԵՄ խորհրդի նախագահի 2023 թվականի հուլիսի 15-ի հայտարարության մեջ, որը վերաբերում է եռակողմ հանդիպմանը, որին մասնակցում էր ԵՄ խորհրդի նախագահը, Ադրբեջանի նախագահը և ես, արձանագրված են երեք կարևոր սկզբունքները, որոնց հիման վրա պայմանավորվել ենք, որ պետք է տեղի ունենա խաղաղության գործընթացը և կնքվի խաղաղություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դրանից առաջինը ՀՀ-ի և Ադրբեջանի փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելն է, երկրորդը, որն ավելի կոնկրետ է, Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների դելիմիտացիայի իրականացումն է։ Երրորդ սկզբունքն այն է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության, իրավազորության հիման վրա, փոխադարձության և հավասարության սկզբունքով:

Անդրադառնալով բանակցությունների հեռանկարին՝ Փաշինյանը նշեց. «Պետք է այդ երեք սկզբունքների հիման վրա առաջ գնանք և տեղայնացնենք դրանք գետնի վրա: Մենք, իհարկե, նվիրված ենք խաղաղության օրակարգին, և հույս ունեմ, որ գործընթացը կշարունակվի և կհասնի տրամաբանական ավարտին: Բանակցությունները կարևոր են, և մենք ամեն ինչ կանենք այդ բանակցային գործընթացն առաջ տանելու համար»: