Search
Close this search box.

Բրյուսելում հանդիպումը չի կայանա, քանի որ Ադրբեջանի նախագահը ժամանակ չի գտել. Միրզոյան

Բրյուսելում հանդիպումը չի կայանա Ադրբեջանի նախագահի կողմից ժամանակի սղության պատճառով։ Այս մասին հոկտեմբերի 25-ին Կանադայի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ ասուլիսում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞վ չի հասցնում մասնակցել նախապես հայտարարված հանդիպմանը։

Հիշեցնենք, որ հանդիպման չեղարկման մասին այսօր հայտարարել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Հարցին, թե ո՞վ ժամանակ չունի հանդիպման համար, կամ գուցե պատճառն այլ է, օրինակ՝ Ադրբեջանը նոր պահանջներ է առաջադրում, օրինակ՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» հետ, նախարարը նշեց, որ պատասխանը պարզ ու հստակ է՝ ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը ժամանակ չի գտել:

«Մենք դեռ պատրաստ ենք հանդիպմանը։ Հուսով եմ՝ պատճառը իսկապես ժամանակի սղությունն է։ Իսկ հանդիպման նոր ժամկետներ որոշելու հնարավորություն կլինի: Հայաստանը պատրաստ է հանդիպմանը, ինչպես արդեն ասել եմ, մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին»,- ընդգծեց Միրզոյանը։

Նա հավելեց, որ Գրանադայի հայտարարության մեջ, մեծ հաշվով, նորություն չկա, այն սկզբունքները, որոնք հնչել են հուլիսին կայացած եռակողմ հանդիպումից հետո, կրկնվել են, իսկ դրանից հետո որևէ առարկություն չի եղել Ադրբեջանի և Հայաստանի կողմից։

«Մենք երկու օր առաջ ոչ պաշտոնական շփումներ ունեցանք Թեհրանում, և Հայաստանը պատրաստ է արագորեն շարունակել խաղաղության գործընթացը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ձեռքբերման ուղղությամբ։ Մեր մոտեցումները հայտնի են»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ ապագայում պարզ կդառնա՝ արդյոք հարցը իսկապես ժամանակի մեջ է։