Search
Close this search box.

Ֆրանսիայից գնված զենքերով կկարողանանք օդը լրիվ փակ պահել. Սամվել Բաբայան

Ֆրանսիայից գնված զենքերով կկարողանանք օդը լրիվ փակ պահել: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում նշել է Արցախի նախկին պետնախարար Սամվել Բաբայանը:

«Ուղղակի ես մանրամասն չգիտեմ, թե որ սերնդի զենքն են գնել: Ես ժամանակին՝ 2021-ին, մի քանի բառով վարչապետին գրել էի այդ ընկերության հետ համագործակցության մասին: Ֆրանսիական այդ ընկերության մոտ էլեկտրոնիկան շատ ուժեղ զարգացած է: Ասենք նույնիսկ ԱԹՍ-ներին ճնշի, թույլ չտա, որ գոտի մտնեն: Ուրախ եմ, որ ի վերջո, այդ զենքերը գնելու հնարավորությունը Հայաստանն ունեցավ. հրթիռային համակարգը թե խփելու, թե պաշտպանվելու: Սա համարում եմ ճիշտ գնում»,-ասաց նա:

Անդրադառնալով ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը, Սամվել Բաբայանն ասաց, որ այդ համակարգը գոյություն չունի ոչ թե այսօր, այլ վաղուցվանից. «2020 թվականի պատերազմից հետո դա չկա եւ որեւէ օգնություն, որեւէ զենք չի տրամադրվել: Դրա համար Հայաստանը որոշել է իր համար իր հակաօդային պաշտպանության ուժերը թարմացնել եւ ընտրել այն զենքերը, որոնք իրեն հարմար են եւ որը ինքը ճիշտ է համարում»:

Նա հիշեցրեց, որ Ռուսաստանին փող է տրվել, որ զենք մատակարարեին, ինչը չի արվել. «Իրենք այնքան զբաղված են Ուկրաինայում, որ չեն կարող մատակարարել, իսկ մենք էլ չենք կարող նստել, սպասել, թե երբ են մատակարարելու»,- ընդգծեց Բաբայանը:

Նա խնդիր չի տեսնում, որ Հայաստանի ԶՈՒ ՀՕՊ համակարգը լինի ֆրանսիական, իսկ հրետանային համակարգերը, օրինակ, հնդկական: