Search
Close this search box.

«3+3» ձևաչափով հանդիպման արդյունքներով 9 կետից բաղկացած համատեղ հայտարարություն է ընդունվել

Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպման արդյունքներով Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներն ընդունել են 9 կետից բաղկացած համատեղ հայտարարություն։

Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԱԳ նախարարությունից։

Հայտարարության մեջ ասված է․

«1․ Հաշվի առնելով երկրների միջև փոխադարձ շահերի և բարիդրացիության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ ընդգծվել է վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, անձեռնմխելիության և ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքների կամ ուժի կիրառման արգելման կարևորությունը և ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր սկզբունքների հիման վրա մարդու իրավունքները հարգելու կարևորությունը։

2․ Միջազգային տարբեր խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտելով՝ քննարկվել են տարածաշրջանի առավել կարևոր խնդիրները և ընդգծվել այնպիսի հարթակների կարևորությունը, ինչպիսին է «3+3» Խորհրդակցական տարածաշրջանային հարթակը տարածաշրջանի երկրների միջև կառուցողական երկխոսության և փոխշահավետ համագործակցության հաստատման հնարավորություններ ընձեռելու հարցում:

3․ Ընդգծվել է տնտեսական համագործակցության դրական ազդեցությունը փոխվստահության, ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանի կայունության ամրապնդման վրա։

4․ Կարևորվել է մշակութային համագործակցությունը, մարդկանց միջև շփումները և համատեղ ծրագրերը կրթության, գիտության, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում:

5․ Տարածաշրջանի կայուն խաղաղության և տնտեսական զարգացման ամրապնդման նպատակով կողմերն ամրապնդելու են երկկողմ և բազմակողմ խորհրդակցություններն ու փոխգործակցությունը:

6․ Նախարարները ողջունել են տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորման և զարգացման շարունակական գործընթացները:

7․ Դրական գնահատելով հանդիպման արդյունքները՝ նախարարները հաստատել են Վրաստանի իրավահավասար մասնակցության համար հարթակի բաց լինելը։

8․ Նախարարները նաև մտքեր են փոխանակել Գազայի հատվածում տիրող իրավիճակի շուրջ և ընդգծել անմեղ քաղաքացիական անձանց վրա հարձակումներն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։

9․ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները շնորհակալություն են հայտնել Իրանի արտգործնախարարին ընդունելության և այս հանդիպման բարեհաջող անցկացման համար»:

Նշվում է, որ նախարարները պայմանավորվել են «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումն անցկացնել Թուրքիայում։ Հանդիպման օրը կհամակարգվի դիվանագիտական ուղիներով։