Search
Close this search box.

Ադրբեջանի սահմանապահները Գուրգեն Ներսիսյանին որոշակի ժամանակ Հակարիի անցակետում պահել են արգելանքի տակ. Armlur

Armlur.am-ը գրել է. Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ սանձազերծված հերթական ագրեսիայից հետո արցախցիները ստիպված եղան լքել իրենց հայրենիքը՝ ֆիզիկական ոչնչացումից փրկվելու համար:

Ադրբեջանը Արցախը հայաթափելու համար անմիջապես բացեց ավելի քան 9 ամիս արգելափակված Լաչինի միջանցքը՝ ժողովրդի բռնի տեղահանումն ապահովելու համար՝ այդ ընթացքում Հակարիի կամրջի վրա տեղադրված ապօրինի անցակետից առևանգելով նախկին ու ներկա տարբեր պաշտոնատար անձանց:

Արցախը դատարկվելուց հետո Ադրբեջանը Բաքու տեղափոխեց նաև Արցախի երեք նախագահներին: Այդ ընթացքում լրատվադաշտը ուշադիր հետևում էր, թե արդյոք արցախյան պաշտոնյանները կկարողանան տեղափոխվել Հայաստան և յուրաքանչյուր այդպիսի դեպք հանրայնացվում էր կամ ՀՀ տեղափոխված պաշտոնատար անձինք էին հայտարարում այդ մասին:

Տևական ժամանակ էր որևէ տեղեկություն չկար Արցախի նախկին գլխավոր դատախազ, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի մասին: Armlur.am-ը պարզեց, որ Գուրգեն Ներսիսյանը ընտանիքով նույնպես տեղափոխվել է ՀՀ: Սակայն այդ գործընթացը այդքան էլ սահուն չի անցել: Պարզվել է, որ Հակարիի կամրջին տեղադրված անցակետում ստուգման պահին ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները անմիջապես ճանաչել են նրան և արգելանքի վերցրել:

Տևական ժամանակ նրա կինն ու երեխաները մնացել են մեքենայում միայնակ, իսկ Գ.Ներսիսյանը գտնվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցների վերահսկողության տակ: Գ.Ներսիսյանին ազատ են արձակել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության՝ Արցախում խաղաղապահ ուժերի կազմում ներառված աշխատակիցների միջնորդությամբ: Հարկ ենք համարում նշել, որ վերջին մեկ տարում Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հետ համագործակցությունն ու շփումը հիմնականում ապահովվում էր Գ.Ներսիսյանի միջոցով, ինչը ամենայն հավանականության իր ազդեցությունն է ունեցել նրան ազատ արձակելու հարցում:

​Armlur.am-ի տեղեկություններով ՀՀ հասնելուն պես Գ.Ներսիսյանը հեռախոսազանգ է ունեցել Արցախի նախագահների հետ և տեղեկացրել դեպքի մասին: Մեր մեկ այլ աղբյուր էլ հայտնել է, որ Գ.Ներսիսյանի՝ ՀՀ տեղափոխվելը թույլատրելու մասին լուրը լսելուց հետո Ռուբեն Վարդանյանը նույնպես որոշել էր ռիսկի դիմել ու փորձել տեղափոխվել ՀՀ, սակայն, ինչպես տեսանք, դա նրան չհաջողվեց:

Այս Բաժնից