Search
Close this search box.

Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու հրաման է ստորագրել

Ադրբեջանի գլխավոր դատախազը կիրակի օրը`հոկտեմբերի 1-ին, Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանին կալանավորելու հրաման է տվել: Այս մասին գրում է Euronews.com-ը:

«Գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի ձերբակալության օրդերն արտացոլում է Ադրբեջանի մտադրությունը՝ արագ և ուժով տիրել տարածաշրջանին երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո»,- ասվում է հրապարակման մեջ։

Աղբյուրը նաև հիշեցնում է սեպտեմբերի 27-ին ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության, ինչպես նաև ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին:

Հիշեցնենք՝ ըստ ադրբեջանական աղբյուրների վերջին տեղեկությունների, Արայիկ Հարությունյանը գտնվում է Ստեփանակերտում:

Սեպտեմբերի 27-ին ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, երբ փորձել էր հատել Հակարիի կամուրջը և գալ Հայաստան, նրան Ադրբեջանի սահմանային ծառայության ծառայողները ձերբակալել էին և տեղափոխել Բաքու: Տեղեկությունը նախ գրեցին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա հաստատեց Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, այնուհետև՝ Ադրբեջանի սահմանային ծառայությունը: Դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։

Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դիմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հստակ տեղեկություն չունի՝ Վարդանյանը հրաժարվե՞լ է ՌԴ քաղաքացիությունից, թե՞ ոչ: Եթե չի հրաժարվել, ապա ՌԴ-ն իր քաղաքացու ձերբակալման առնչությամբ քայլեր կձեռնարկի: Իսկ Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ տեղեկություն ստանալու, թե ո՞ւր են տարել Ռուբեն Վարդանյանին և ի՞նչ վիճակում է նա:ՀՀ ԱԳ նախարարությունն էլ հայտարարել է, որ կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար:

ՄԱԿ-ը Ադրբեջանին կոչ է արել հարգել Ռուբեն Վարդանյանի իրավունքները: