Search
Close this search box.

Արցախում ևս մեկ Հայnց ցեղшսպшնություն է. Genocide Watch

Նախագահ Բայդենի՝ 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելուց երկու տարի անց աշխարհը կանգնած է Հայոց ցեղասպանության և բռնի տեղահանության դեպքերի առաջ։

Genocide Watch-ը, The Lemkin Institute-ը, Save Karabakh-ի կոալիցիան, ՄՔԴ նախկին դատախազ Օկամպոն և հայկական կազմակերպությունները զգուշացրել են, որ ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է 2022 թվականից: Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը Արցախի անկախ Հայկական Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ, գրում է Genocide Watch-ը:

Բռնի տեղահանությունն ու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում, որը հայտնի է՝ որպես Արցախ, տասնամյակներ շարունակվող հակամարտության գագաթնակետն է։ Արցախը 120 000 հայերի հայրենիքն է, ովքեր այնտեղ ապրել են 5-րդ դարից։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սկսեց ռմբակոծել Լեռնային Ղարաբաղը։ Վանքում գնդակոծության հետևանքով զոհվել է 16-ամյա Սերգեյ Հովոյանը։ Նրա ծանր վիրավորված 13-ամյա եղբայրը՝ Մկրտիչը, պատմում է, որ երբ ինքն ու մայրը սկսել են հավաքել ճամպրուկները, որպեսզի հեռանան, ադրբեջանական ուժերը գնդակոծել են իրենց տունն ու բակը, ինչի հետևանքով զոհվել են Սերգեյը և 67-ամյա հարևան Մելսիկը:

ԵՄ քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը ասել է. «Ռազմական այս էսկալացիան չպետք է օգտագործվի որպես պատրվակ՝ ստիպելու տեղի բնակչությանը արտագաղթել»: Բայց բռնի տեղահանությունը հենց այն է, ինչ տեղի է ունենում։ Բռնի տեղահանումը հանցագործություն է մարդկության դեմ (ՄՔԴ կանոնադրություն (Հոդված 7 (1դ)): Ավելի քան 100 000 մարդ արդեն փախել է Լեռնային Ղարաբաղից, և ողջ մնացած հայ բնակչությունը փորձում է հեռանալ:

Ադրբեջանական քարոզչությունն ապամարդկայնացնում է հայերին։ Ադրբեջանի դպրոցականների դասագրքերը հայերին ներկայացնում են՝ որպես չար, ագրեսիվ թշնամիների։ Բաքվի պետական համալսարանի սլավոնական երկրների պատմության ամբիոնի վարիչ Թոֆիգ Վելիևը պնդում է, որ հայերին «ճշգրիտ» ներկայացնելու համար անհրաժեշտ են բացասական արտահայտություններ։

Ադրբեջանը ջնջում է Հայաստանի հնագույն պատմությունը։ Ադրբեջանական պատմաբանները և պետական լրատվամիջոցները կեղծ պնդումներ են անում, որ Հայաստանն ու Արցախը պատմականորեն թյուրքական հողեր են: Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ոչնչացնում է հայկական քրիստոնեական եկեղեցիներն ու սրբավայրերը։

Հաղթանակի ելույթում Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանում հայերի իրավունքները երաշխավորված կլինեն։ Իրականում, ադրբեջանցի զինվորականներն արդեն սկսել են տեսանյութեր տարածել, թե ինչպես են կրակում և սպանում հայերին։

Ադրբեջանական հարյուրավոր փաստագրված ռազմական հանցագործությունները ապացուցում են, որ հայերն ապահով չեն լինի ադրբեջանական կառավարման տակ: Ադրբեջանական ուժերը բերման են ենթարկում տարհանվածներին և արդեն ձերբակալել են Արցախի նախկին ղեկավար Ռուբեն Վարդանյանին։

ԱՄՆ-ն և Եվրամիությունը չեն կարող ձևացնել անտեղյակություն Ադրբեջանի բռնի տեղահանության և Արցախում ցեղասպանության վերաբերյալ։ Սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ-ն և Եվրոպան չկարողացան գործել՝ կանգնեցնելու Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ: Ցավոք սրտի, Սերգեյը միակ երեխան չէ, ով մահացել է այս շաբաթ հարձակումներից։ Վառելիքի պահեստը պայթել է, ինչի հետևանքով զոհվել է 68 մարդ, երբ նրանք հերթ են կանգնել իրենց մեքենաները լիցքավորելու, որպեսզի կարողանան փախչել Արցախից։

Արցախահայությունը տասը ամիս շրջափակման ու սովի է դիմացել։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ադմինիստրատոր Սամանթա Փաուերը այս շաբաթ մեկնել է Հայաստան՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը: Բայց նա շատ ուշ ժամանեց՝ սկսելու օդային մատակարարումները Արցախ, որոնք Genocide Watch-ը և The Save Karabakh Coalition-ը պահանջում էին 2022 թվականից ի վեր:

Արցախցիներին այժմ անհրաժեշտ են շտապ ավիափոխադրումներ՝ հայ փախստականներին Արցախից դուրս հանելու համար։ Հայաստանին անհրաժեշտ է հսկայական օգնություն՝ ավելի քան 100 000 արցախցի փախստականներին օգնելու համար։ Հայաստանին անհրաժեշտ է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի երաշխիքը, որ նրանք պաշտպանված կլինեն ավելի մեծ ադրբեջանական ագրեսիայից»,-ասվում է հոդվածում։