Ինչ է հայտարարել Վարդան Ղուկասյանը

Երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում, երբ որ ադրբեջանական զորքը կանգնած է Երասխի մոտ, երբ որ 100 հազար փախստական լցվել է Հայաստան եւ յուրաքանչյուր կոպեկը կարեւոր է: Այս մասին հայտարարել է «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը՝ արձագնաքելով Հայկ Մարությանի հայտարարությանը:

«Երկրորդ փուլ թույլ տալ, որ ընկնել քուչա-քուչա քարոզարշավ անել, ես դա ոչ ընդունում եմ, ոչ էլ դա անող եմ: Կա այսպիսի մի վտանգ, ամենամեծ վտանգը, ռոբասերժական կլանը չպիտի իր դիրքերն ամրապնդի: Ես որպես ընդդիմություն ավելի նախընտրում եմ, որ սրանք չամրապնդվեն, քան թե Ավինյանը չվերարտադրվի: Ավինյանը եթե վերարտադրվի, օրենքը թույլ է տալիս մի տարի հետո անվստահություն հայտնել եւ հեռացնել, բայց երբ ռոբասերժական կլանը ամրապնդվեց, դա կլինի Հայաստանի Հանրապետության վերջը լիակատար, կդառնա գուբերնիա՝ առանց Սյունիքի: Ես գնացի ինձ համար անընդունելի գորրծարքի, սակայն Հայկ Մարությանը ասաց, որ կամ ինքը քաղաքապետ կլինի, կամ՝ քաղաքապետ չի լինի, ես էլ պատասխանեցի՝ դու չես լինի քաղաքապետ: Հիմա ինձ քաղաքապետի ընտրությունների հարցը չի հուզում, ինձ հետաքրքիր է ինչ է լինելու մինչեւ ամսի 10-ը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել էր, որ բոյկոտելու են ավագանու առաջին նիստը նոր ընտրությունների գնալու համար, եւ «Հանրային ձայն» կուսակցությանը առաջարկել էր նույնպես բոյկոտել՝ իշխանության վերարտադրություն թույլ չտալու համար:

Նշենք, որ «Հանրային ձայն» կուսակցությունը սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով ստացել է 7 մանդատ:

Ընտրություններին մասնակցած եւ ընտրական շեմը հաղթահարած ոչ մի քաղաքական ուժ չունի 33 մանդատ, որը պետք է քաղաքապետ ընտրելու համար: