Search
Close this search box.

«Բռնի տեղահանված մեր հայրենակիցները 2 օրից կարող են դիմել միանվագ 100-հազարական դրամ ստանալու համար»

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները 2 օրից կարող են դիմել միանվագ 100-հազարական դրամ ստանալու համար։ Այս մասին հումանիտար կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

ՀՀ կառավարությունը որոշել է 2024 թ. պետբյուջեով նախնական 10 մլրդ դրամ հատկացնել Արցախից բռնի տեղահանվածների համար։

«Հաշվառումը տեղի կունենա Երևանից դուրս` բոլոր մարզպետարաններում և խոշոր համայնքապետարաններում գործող միասնական սոցիալական ծառայությունների միջոցով։ Երկուշաբթի օրը (հոկտեմբերի 2–ին,–խմբ.) մենք կհրապարակենք կարգը, իսկ երեքշաբթի օրվանից (հոկտեմբերի 3–ից) տեղահանվածները հնարավորություն կունենան դիմելու։ Անչափահասների դեպքում ծնողները կարող են նշել, թե ում բանկային հաշվին են ցանկանում, որպեսզի գումարը փոխանցվի»,– նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով` բոլոր այն անձանց համար, որոնք ունեն բանկային հաշիվներ կամ քարտեր, այս գործընթացը համամետաբար արագ կկատարվի, իսկ ովքեր չունեն` տեխնիկապես մի քանի օր կպահանջվի։

Փոխվարչապետը նաև անդրադարձավ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար բնակարան վարձելու գործընթացին և շեշտեց` ՀՀ կառավարությունն այս ծրագրում աշխարհագրական սահմանափակումներ չի մտցնի։

Նա ասաց, որ ի սկզբանե նախատեսվում էր կենտրոնանալ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի վրա, բայց հետո որոշվել է ծրագիրը տարածել ամբողջ հանրապետության, այդ թվում` Երևանի վրա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԼՂ–ից տեղահանված ամեն անձի բնակության ծախսերի համար առնվազն 6 ամիս տրամադրվելու է 40 հազար դրամ։

Խաչատրյանը նշեց, որ բացի այդ գումարից, յուրաքանչյուր արցախցու տրամադրելու են ևս 10–հազարական դրամ` կոմունալ ծախսերի համար։

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։