Search
Close this search box.

Գորիսի բնակչությունից երեք անգամ ավել մարդ է մտել Գորիս ու սպասարկվել

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների փոխադրման, կեցության և սոցիալական հարցերի վերաբերյալ «Հետքը» զրուցել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։

-Պարոն մարզպետ, սեպտեմբերի 30-ի ժամը 9-ի դրությամբ ի՞նչ պատկեր է։ Մենք տեսնում ենք մարդկանց հոսքի նվազումը, Գորիսում կուտակումներն էլ են նվազել։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը։

-Մենք գիտենք, որ Հակարիի կամրջով անցել է ավելի քան 100 հազար մարդ, երևի թե 101 հազար, կոնկրետ թիվը չեմ կարող ասել։ Գիշերը 46 ավտոբուսների մեծ մասը եկել է Գորիս, ավելի փոքր մասը Վայք է գնացել։ Դա եղել է գիշերը երևի 1-ի կողմերը, և ինչպես տեսնում եք գիշերվա ընթացքում այդ մարդկանցից շատ քչերն են մնացել այստեղ, մնացածն արդեն տեղակայված են տարբեր մարզերում։ Սա վերջին խումբն է, ըստ էության, երևի էլ չենք ունենա մարդիկ, որոնք Լեռնային Ղարաբաղից տարհանվում են այստեղ։ Որովհետև արդեն 6-րդ օրն է, որ 24 ժամ այստեղ ենք։ Կարծես թե հաղթահարված է հիմնական խնդիրը՝ բոլորին բերել, առաջին հրատապ անհրաժեշտության հոգսերը հոգալ։ Ճիշտն ասած գերհոգնած ենք, լավ չենք պատկերացնում։ Մենք երևի ամենաքիչն ենք տիրապետում ինֆորմացիային, որովհետև ամբողջ օրը մարդկանց ենք ընդունում, ճանապարհում։ Բայց, փառք Աստծո, բոլորին կարողացանք բերել, օգնել ինչով կարողանում ենք։

-Կարելի՞ է ասել, որ Կոռնիձորի անցակետի աշխատանքը հումանիտար հարցերով դադարեցված է։

-Ինչ-որ մարդիկ ամեն դեպքում կարող է Արցախի գյուղերից կամ այլ վայրերից հայտնվեն, գան Ստեփանակերտ, այնտեղից տեղափոխվեն, բայց շատ փոքր պիտի լինի թիվը, հնարավոր է 100 լինեն կամ՝ ոչ։ Բայց սա ենթադրում եմ։ Ըստ էության, բոլոր մարդիկ դուրս են եկել Լեռնային Ղարաբաղից։

-Այդ տվյալը դուք ստանում եք Արցախի ձեր գործընկերների՞ց։

-Այո, գիշերը 46 ավտոբուսն այնտեղից հաշվում էին, այստեղից ուղարկում էինք։ Կարծես թե այլևս մարդ չի մնացել Լեռնային Ղարաբաղում։

-Այստեղ կան հատուկ խնամքի կարիք ունեցող մարդիկ։ Իրենց տեղափոխոթյունն ինչպե՞ս է կատարվում։ Գորիսում կա՞ խնամքի կենտրոն։

-Ոչ, Գորիսում չունենք, Կապանում ունենք, բայց հենց առաջին օրը լեփ-լեցուն էր։ Առողջապահության ու աշխատանքի և սոցիալական հացերի նախարարությունն այստեղից հատուկ մեքենաներով տեղափոխում են այդ մարդկանց Հայաստանի տարբեր մարզեր, բայց նման մարդկանց թիվը շատ մեծ է։ Ինքներդ որ քայլեք, կտեսնեք։ Յուրաքանչյուր խմբի հետ մեծ տոկոս են կազում հաշմանդամություն կամ հատուկ խնամքի կարիք ուենցող մարդիկ։ Բնական է, առաջին փուլում մենք, մեր կամավորներն անում են ամեն ինչ, հոգ են տանում, բայց մասնագիտական աջակցություն է պետք, և օրվա ընթացքում մարդիկ տեղափոխվում են հատուկ պայմաններով տարածքներ։

-Կառավարության վերջին նիստում վարչապետը խոսեց տեղահանված քաղաքացիներին կացարանով ապահովելու միջնաժամկետ ծրագրերից։ Ասաց, որ դիտարկվում են Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը։ Արցախցիները, սակայն, հակված չեն սահմանամերձ բնակավայրեր գնալուն։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այս խնդրի կարգավորումը։ Գիտենք, որ Սյունիքը քիչ բնակեցված մարզերից մեկն է, այս իրավիճակում ի՞նչ է հնարավոր անել։

-Տեսեք, մարդիկ ամեն դեպքում շատ էմոցիոնալ ծանր փուլ են ապրում հիմա։ Ոչ միայն Գեղարքունիք, Սյունիք, այլ ընդհնարապես Երևանից և հրակից շրջաններից բացի շատ դժվար են պատկերացնում։ Հիմա եթե քայլեք և հարցնեք, բոլորը հիմնականում ուզում են Երևան տեղափոխվել՝ անկախ նրանից, թե իրենք Լեռնային Ղարաբաղի որ գյուղից են եկել։ Բնական է, բոլորս հասկանում ենք, որ անհնար է Երևանում․ Երևանում տեղ չկա։ Իրենց մոտիվն այն է, որ այլևս չեն ուզում սահմանին մոտ ապրել։ Շատ հաճախ, երբ մենք ասում ենք՝ գնացեք Քաջարան, մարդիկ հրաժարվում են, բայց բոլորս գիտենք, որ Քաջարանը այն եզակի քաղաքներից է, որտեղ աշխատանքի հետ կապված խնդիր չի լինում, հնարավորություններ կան։ Բայց սա էմոցիոնալ ֆոն է, որը, կարծում եմ, մեկ-երկու շաբաթ հետո կմարի, կհանդարտվեն մարդիկ, որից հետո պետք է հանգիստ այդ պրոցեսն իրականցնել։ Այո՛, բոլոր համայքների ղեկավարների հետ քննարկել ենք այս հարցը, առավելագույն թվով մարդիկ ենք բերելու Սյունիքի մարզ։ Հիմա էլ բոլոր համայնքներում ինտենսիվ աշխատում են մարդկանց հետ, համոզում են, որպեսզի գան, մնան Սյունիքում։

-Տեղահանվածների շրջանում կա դժգոհություն, որ գյուղական բնակավայրերում հատկացվող կացարանները բավարար կենցաղային պայմաններ չունեն։ Տների հաշվառումն ինչպե՞ս է արվել։ Հնարավոր չէ՞ Կառավարության կամ համայքնների միջոցներով հատկացվող կացարանների նվազագույն կենցաղային պայմանները բարելավվեն։

-Միանշանակ, ինչի՞ մասին է խոսքը։ Հիմա բոլոր համայնքներից հայտերը ստանում ենք, հաշվարկներ են արվում։ Ուղղակի օրը 20 հազար մարդու հոսք այստեղ, ու միայն Գորիսում բնակչությունից 3 անգամ ավել մարդ է կեցություն հստատել։ Չգիտեմ՝ ինչպես է մեզ մոտ ստացվել, բայց Գորիսի բնակչությունից երեք անգամ ավել մարդ ենք բերել ու սպասարկել։ Այս փուլում բացարձակ առաջնահերթություն էր Հակարիի կամրջից այն կողմ խցանման մեջ գտնվող մարդկանց վայրկյան առաջ բերել, անցկացնել այս կողմ, որովհետև քաղցած էին, ծարավ էին, շատ հյուծված էին։ Բազմաթիվ դեպքեր ունենք, որ այնքան հյուծված մարդիկ են եղել, որ չէին կարողանում ուղղակի քայլեին։ Ուղղակի պետք էր թեթև սնվել, հանդարտվել։ Ոչինչ, ինչ-որ մեկի ջուրը տանը չլինի, բակում կլինի, բայց այս պահին կեցավայրի լուծումը տանք, մինչև բոլոր մարդիկ կգան Հայաստան, որից հետո, բնականաբար, պետք է հրատապ ծրագրերով ձեր նշած բոլոր խնդիրները լուծենք։ Ես արդեն հանձնարարել եմ, այսօր այս կետի (Գորիսի հումանիտար կայանի) աշխատակազմին մեկ օր հանգիստ կտամ, որովհետև 5 օր ոչ մեկը չի քնել, բոլորը հյուծված են։ Հաջորդ օրվանից Մեղրիից կսկսենք մինչև Սիսիան բոլորին տեսնելով, իրավիճակը գնահատելով, նաև տեղում մեր քաղաքաշինության մասնագետները յուրաքանչյուր համայնքի նույն բաժնի հետ կսկսեն կարիքի գնահատումը, որին կհաջորդի ֆինանսավորումը։ Մենք այս փուլը հաղթահարեցինք, կարողացանք բոլոր մարդկանց բերել և այստեղ աջակցություն տալ։ Ճիշտն ասած վախենում էինք մարդկանց մեծ հոսքից, բայց կարծես թե հաջողվեց ընդունել։

-Սյունիքի մարզում որքա՞ն արցախցի կա այս պահին։

-Կարծում եմ այս տեղեկությունն այս պահին ոչ ոք չունի․ մարզպետի աշխատակազմը, համայնքների աշխատակազմերը, բոլորս այստեղ ենք եղել։ Ամբողջ մարզով փորձել ենք այս խնդիրը լուծել։ Մարզում, կարծում եմ, 7-8 հազարից ոչ պակաս կլինեն։ Մենք գիտենք, որ միայն Գորիսում հարյուրավոր ընտանիքներ հյուրընկալել են արցախցիների։

-Ձեր կանխատեսմամբ Գորիսի հումանիտար կենտրոնը 1-2 օրում կփակվի՞։

-Կարծում եմ՝ մեկ երկու համակարգիչ կմնա աշխատակիցների հետ, բայց 250 հոգանուց խումբ պահելու անհրաժեշտություն չկա։ Եթե երկու օր էլ երկարեր, վստահ չեմ, որ մեր ուժերը կհերիքեին՝ ֆիզիկապես և ոչ միայն։ Պատկերացրեք այս բոլոր մարդկանց հետ անհատական խոսել, բանակցել, խնդիրը հասկանալ։ Ամենացավալին, որ ծերեր են լինում, չեն ցանակնում գնալ և սպասում են իրենց երեխաներին։ Ցավոք սրտի դեպքեր կան, որ երեխաներն այդպես էլ չեն գալիս