Search
Close this search box.

Հաջիևը ստnւմ է․ Էդմոն Մարուքյան

Բրյուսելում երկրի ղեկավարների մակարդակով Աղդամի ճանապարհով հումանիտար օգնություն տեղափոխելու պայմանավորվածություն չի եղել, Հաջիևը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տարածել: Այս մասին Հանրային ՀԸ-ն հաղորդավար Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․

«Սա ադրբեջանական նարատիվ է: Բոլոր հարթակներում դրա պատասխանը կտրվի։ Այդ սուտը բացահայտվելու է: Եթե ուրիշ բան էլ չէ, նայենք Միշելի հայտարարությամբ ամեն ինչ ասվում է: Նա ասում է, որ շատ կարեւոր է Լաչինի միջանցքով բեռների տեղափոխումն Արցախ, նաեւ նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է նաեւ Աղդամով հումանիտար բեռներ հասցնել Արցախ»,- ասել է նա։

Անդրադառնալով հումանիտար բեռներ ուղարկելու ՀՀ իշխանությունների քայլին տված ադրբեջանական որակումներին, թե այն մանիպուլյացիա է, Մարուքյանն ասաց, որ որեւէ նպատակ չունեն, որ բեռնատարները հատեն սահմանը, այն կարող են խաղաղապահների միջնորդությամբ հասցնել Արցախ:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը նշել էր, որ Բրյուսելում կայացած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար: Նա հավելել է, որ «այդ հարցը նշված է նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։

Հաջիեւը նաեւ նշել է, որ «Հայաստանի կողմից Աղդամի ճանապարհի օգտագործումից հրաժարվելը, միայն Լաչինի ճանապարհի օգտագործման պնդումը եւ այդ հարցի քաղաքականացումն անթույլատրելի են»։ «Հայաստանը պետք է վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններին, դուրս բերի իր ուժերը Ադրբեջանի ղարաբաղյան շրջանից եւ դադարեցնի ապօրինի խամաճիկային ռեժիմի ֆինանսավորումը»,-նշել է նա՝ հավելելով, որ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղում բոլոր անօրինական ուժերի զինաթափումը»: