Search
Close this search box.

Թշնամին արցախցիներիս տանում է սովամահության․ Արցախի կյանքից

Արցախի կյանքից… ֆեյսբուքյան իր էջում գրում է Նտաշա Պողոսյանը
Այդ ո՞վ չգիտեր, որ Արցախի հանձնումը 120 հազարին կանգնեցնելու է սպիտակ սպանդի առջև… Այդ ովքե՞ր են, որ երկրի հանձնելը տարանջատում են մեզ պատուհասած պաշարումից։
Օրվա ընթացքում, եթե լույսերը հանգած են, թույլ են կապի միջոցները, անհասանելի` համացանցը։
Վերջերս հացի համար հերթերը շատ ավելի են տեսանելի կամ հակառակը` այնքան արագ են սպառվում, չես էլ հասցնում գնել։ Սովորական է դառնում այն, ինչ ասում են` օգտակար է առողջությանը, այն է` հացի քիչ օգտագործելը։

Ուղղակի բացահայտ թշնամին արցախցիներիս տանում է սովամահության` ձգտելով մեզ ենթարկեցնել իր կամքին։
Ձմռանը մենք ամիսներով մնացել էինք առանց բանջարեղենի, միրգը հիմա էլ երազում ենք տեսնում, բայց հացի սակավությունը թե խուճապը անհանգստացնող են։
Օրվա ընթացքում տարբեր խանութներ ես մտնում` հույսով, որ ինչ-որ բան կգտնես` գնելու։ Օր օրի դատարկվող խանութները գուշակել են տալիս, որ նախորդ օրերին երանի ենք տալու։ Այն, ինչ` թանկ թե էժան, այդ պահին տեսար, հետո չես տեսնելու։

ԱՂՈՒՀԱՑ-ով է Արցախը հյուրեր դիմավորել, մեծատառով եմ գրում, երբ վաղուց ԱՂ չկա, ՀԱՑԻ սակավությունն էլ խեղդում է մեզ։

Հնարավոր չէ ընտրել մահվան ճանապարհը հումանիտար աղետը կանխելու համար, երբ թշնամին մատուցում է մեզ Ակնա (Աղդամ)֊Ստեփանակերտ ճանապարհը։ Արցախին անհրաժեշտ է Հայաստանին կապող Բերձորի (Լաչինի) միջանցքի բացումը կամ օդային ճանապարհ, որին կարող են միջնորդել միջազգային կազմակերպությունները։
Հավատա՞նք, որ 120 հազարի սովամահությունը կարող է արթնացնել աշխարհի խիղճը, երբ Արևմուտքի նախաձեռնած վերջին բանակցությունները արագացրին մեր <<մահը>>` Արցախը նետելով գազանի երախը։
Ինչպե՞ս են զգում Արցախ հանձնող հողատուներն ու նրանց սատարողները։
Գոնե ողջ մնանք, տեսնենք նրանց կործանումը։